Ցուցադրված Գեղարդը օրիգինալն է. աստվածաբան
Աստվածաբան Վարդան Խաչատրյանի խարծիքով այն կնճիռը, որը առաջացել է կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ սկսած պայքարի հետևանքով պետք է շատ արագ հարթվի:
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Խաչատրյանն ասաց, որ այդ կնճիռը ունի երկու կողմ. «Կնճիռը հարթելը մի կողմից պետք է նպաստի վերելքին՝ հոգևոր կյանքի վերափոխմանը, իսկ մյուս կողմից պետք է նպաստի նրան, որ այս շարժումը հանկարծ չվերածվի խայտառակության, որը համաշխարհաին հնչեղություն կարող է ստանալ»:
Ըստ աստվածաբանի՝ խնդրի լուծումը չի կարող միանշանակ երկու կողմերի համար էլ ձեռնտու կամ գոհացնող լինել, բայց այս դեպքում առաջին հերթին պետք է հաշվի առնել ժողովրդի շահը և գիտակցել, որ խնդրի լուծումը պետք է լինի հայ ժողովրդի համար ձեռնտու՝ ապագան կերտելու տեսակետից;
«Մենք պետք է հաշվի առնենք այն, որ սա քաղաքական զարգացում չէ, սա քաղաքական տեմպի տակ եկեղեցին դնելու անթույլատրելի ձգտման բացասում պետք է լինի մեր իրականության մեջ: Մենք պետք է լավ գիտակցենք, որ եկեղեցին երբեք չի եղել այն կառույցը, որ քաղաքական անցուդարձերի առումով մտնի նույն ռիթմի մեջ»,-նշեց Խաչատրյանը:
Անդրադառնալով օրեր առաջ Էջմիածնում ցուցադրված Աստվածամուխ Սուրբ Գեղարդի իսկական կամ ոչ իսկական լինելուն, աստվածաբանն ասաց, որ իր կարծիքով ցուցադրված Գեղարդը օրիգինալն է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ էր ստեղծվել: Ցուցարարները ներխուժել էին Դիվանատուն և պահանջում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Ցուցարարները պահանջում էին ցույց տալ Սուրբ Գեղարդը՝ պնդելով, որ այն վաճառվել : Ցուցադրումից հետո նրանք հայտարարել են, որ այդ Սուրբ Գեղարդը օրիգինալ տարբերակը չէ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: