Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Ամուլսարի մասին
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը բավականին ցավոտ է մեր երկրի համար: Ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի 3-րդ երիտասարդական ֆորումի ժամանակ:
«Ամենամեծ արժեքը ջուրն է եւ բնապահպանության դրոշակը պետք է լինի ջրապահպանությունը: Մենք վատ ենք կառավարում մեր ջուրը եւ վատնում ենք: Ամուլսարի մասին խոսելով՝ խոսում ենք ջրի մասին: Եթե տեխնոլոգիան լավը չի եւ այն կաղտոտի, կվնասի համապատասխան ջրերը, ապա կունենանք մեծ պրոբլեմ»,-նշել է նա;
Արմեն Սարգսյանը ճիշտ է համարել վարչապտի այն կարծիքը, որ բոլոր հարցերը պետք է քննարկվեն եւ համապատասխան լուծումներ տրվեն. «Մենք չենք կարող թույլ տալ, որ լեռնաարդյունաբերության ճանապարհով աղտոտենք մեր ամենակարեւոր բնական ռեսուրսը՝ ջուրը»,-ընդգծել է նախագահը:
Ինչ վերաբերվում է Լիդիան ընկերության հետ կապին, վերջինս ասել է. «2013 թվականին ինձ առաջարկություն եղավ դառնալ Լիդիան ընկերության տնօրենների անկախ խորհրդի անդամ, իսկ Հայաստանում գրեցին, որ ես տնօրեն եմ: Ըստ օրենքի՝ ես եւ իմ ընտանիքը իրավունք չունեինք ոչ մի դոլարի շահ ունենալու: Ես ծանոթացել եմ բոլոր փաստաթղթերին եւ 3,5 ամիս անց դուրս եմ եկել , դրանից հետո ոչ մի կապ չեմ ունեցել այդ ընկերության հետ»:
Արմեն Սարգսյանը վստահեցրել է՝ այն արտադրությունները, որոնք անվնաս են պետք է լինեն, իսկ մնացածները՝ ոչ:
«Լիդիան ընկերության տերերը թաքնված չեն, ցանկալի կլիներ, որ Հայաստանի բոլոր ընկերությունները եւս լինեին հանրային եւ բաժնետերերի անունները հրապարակվեին: Այս ընկերությունը կանադական օրենքներով է աշխատում, հետեւաբար կոռուպցիոն հնարավարությունները կամ օրենքի խախտումները քիչ են»,-ավելացրել է նա: