Եթե բոլորը լռեն, կշահի նա ում ձեռքին իշխանություն կա
«Մենք տեսնում ենք ԲՀԿ-ի թեթեւակի ակտիվությունը, տեսնում ենք Հանրապետականների խիստ անհասկանալի ինքնամեկուսացված պահվածքը, տեսնում ենք, որ նոր կուսակցություններ են ստեղծվում, որոնք վերջին 30 տարիների ընթացքում բազմաթիվ են եղել եւ ընդամենը ավելանում են նորերը, տեսնում ենք արտախորհրդարանական ուժերի հայտարարություններ, ուրիշ բան չենք տեսնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքական ներկապնակին: Նրա խոսքով, արտահերթ խորհրդարանական ընտրություննեից առաջ քաղաքական ուժերը պետք է ակտիվություն ցուցաբերեին, ինչը սակայն տեսանելի չէ:
«Մենք չենք տեսնում, որ քաղաքական դաշտը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2019 մայիսին: Պասիվ անհասականալի, անբացատրելի վիճակ է: Իշխող թիմը Հայաստանի զարգացման տեսլականի մասին պատկերացում չունի եւ ընդամենը օպերատիվ հարց է լուծում, ԲՀԿ-ն զբաղված է իր ամենօրյա գործով՝ չհասկանալով, որ տեղի է ունեցել քաղաքական լուրջ գործընթաց եւ շատ հարցերի նորովի պետք է մոտենալ, անհասկանալի է Հանրապետականի պասիվությունը, երբ նոր իշխանություններին քննադատելու բազմաթիվ առիթներ կան Հանրապետականը քաղաքակաանպես ազատ է քննադատելու, որովհետեւ միակն է, որը աջակցություն չի հայտնել նրանց, իսկ մյուս ուժերն էլ ուղղակի գոյատեւում են»,-շարունակել է Արմեն Բադալյանը:
Հարցին, թե ինչ փոփոխություններ են հնարավոր քաղաքական դաշտում մինչեւ արտահերթ ընտրությունները, Արմեն Բադալյանն ասել է, որ դա կախված կլինի կուսակցությունների ակտիվությունից. «Եթե ոչինչ չփոխվի, Փաշինյանի գլխավորած ուժը կպահպանի իր առավելությունը: Եթե քաղաքական դաշտում բոլորը լռեն, կմնա կոնկրետ վարչապետի թիմը, այս դեպքում կշահի նա, ում ձեռքին իշխանություն կա»: