Հայկական կողմն Ադրբեջանին ռազմական գործողություններ անելու հնարավորություն կտա՞
«Եթե երկու բանակներ դեմ դիմաց կանգնած անընդհատ սպառազինվում են, ռազմնական գործողությունների հավանականությունը միշտ կա ու բարձր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Ըստ նրա՝ առանցքային խնդիրն այն է՝ արդյոք հայկական կողմն Ադրբեջանին տալո՞ւ է հնարավորություն որևէ տիպի ռազմական գործողություն անելու, թե՞ ոչ. «Ադրբեջանական կողմը հենց մի մետրի գործողության հնարավորություն ստացավ, անելու է։ Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանն այնտեղ մի վայրկյան հանգիստ գործելու հնարավորություն ստանա։ Սա միայն ռազմական պատասխանի հարց չէ, սա նաև քաղաքական կշռի հարց է, որովհետև սրանով Հայաստանը պետք է դիվանագիտական խաղաքարտեր ունենա միջազգային կենտրոնների հետ այդ խնդիրներն արծարծելու հարցում: Լայնամասշտաբ գործողությունների առումով քիչ հավանական եմ համարում, քանի որ դա արդեն չի լինելու պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ դա լինելու է տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմ, որտեղ ներգրավված են լինելու բոլոր կողմերը, ու դա Ադրբեջանի որոշելիքը չէ՝ գնա՞լ պատերազմի, թե՝ ոչ»,-նշեց նա։