Էքստրեմալ գարուն է սպասվում
Սյունիքի, Տավուշի, Արարատյան մարզի հովիտեներում արդեն ծիրանի ու սալորենու ծառերը բողբոջել են: Սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի, կապված է հարավային տաք հոսանքների ներթափանցմամբ; Այդ իսկ պատճառով ողջ փետրվարին տաք է եղել: Այնուամենայիվ, եթե ծառերը շուտ են բողբոջում, ապա ցրտահարության վտանգ կա:
“Մենք դեռ չենք կարող կանխատեսել կլինի ցրտահարություն թե չէ, դա հավանաբար ապրիլի առաջին տասնօրյակում”,-ասաց ոլորտի պատասխանատուն: Իսկ գարունն արդեն փետրվարի 15-ից սկսվել է, եւ մարտին ջերմաստիճանը 1-2 աստիճան բարձր կլինի նորմայից, տեղումներն էլ՝ շատ: Մասնագետի դիտարկմամբ՝ սա ոչ թե տաք, այլ էքստրեմալ գարուն է: Գագիկ Սուրենյանը չբացառեց կարկուտը:
“Չի եղել մի տարի, որ ՀՀ տարածքում կարկուտ չտեղա. դրանք լինում են Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերում, չափերով ամենախոշոր կարկուտը դիտվում է հուլիսին եւ օգոստոսին”: Ի դեպ, այս շաբաթ ամպամածություն է դիտվելու եւ անձրեւ է լինելու: