Ո՞րն է լինելու պաշտոնական Երեւանի քայլը, հարցը օդում կախված է
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքն իրավասու չէ բանակցային գործընթացում Արցախը ներկայացնել, միջնորդներին էր ուղղված՝ հիմնավորելու համար, թե ինչու Արցախը պետք է բանակցային գործընթացին ներգրավվի: Քաղաքագետն ասում է, սա գաղափարական հիմնավորում էր, բայց կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:
«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը հաստատ չի գնա այսպիսի բանակցությունների եւ կոնտր արգումենտ կբերի, որ գործընթացին պետք է ներգրավվի նաեւ ադրբեջանական համայնքը եւ թեեւ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նրանք մասնակցում են, բայց Ադրբեջանի համար դա փաստարկ լինել չի կարող: Ես ուզում եմ հարց տալ, եթե Ադրբեջանը մերժում է դա, ո՞րն է լինելու մեր քայլը: Այդ քայլը առկախված է մնում»,-կարծում է քաղաքագետը:
Երվանդ Բոզոյանի խոսքով, սա Ադրբեջանին հնարավորություն կտա Հայաստանի դիրքորոշումն ապակառուցողական որակել եւ իրեն իրավունք վերապահել ինքնուրույն որոշել, թե ինչ ճանապարհով պետք է գնալ: «Ո՞րն է լինելու պաշտոնական Երեւանի քայլը: Ես կարծում եմ, այսպիսի հարցերը Երեւանը պետք է ճշգրտի եւ միջնորդների եւ հասարակության համար, ինձ համար էլ հարցն օդի մեջ կախված է: Ես ինքս՝ որպես քաղաքագետ եւ ՀՀ քաղաքացի, բնականաբար, կողմ եմ, որ Արցախը ներգրավված լինի, բայց մենք պետք է հաշվարկենք, թե արդյունքն ինչպիսն կարող է լինել»,-շեշտում է Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ պետք է հանդես գալ ոչ թե հուզական ձեւակերպումներով, այլ կառուցողական: