03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պետությունը հստակ պարտավորություններ ունի, այսօր պետք է միջոցներ ձեռնարկի

Պետությունն ունի պարտավորություն ապահովել արժանապատիվ կենսաթոշակ աշխատող քաղաքացու համար, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ, մնում է հարց, թե ինչպես կատարի այդ պարտավորութունը: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝ անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նա նկատեց, որ աշխահում կենսաթոշակային համակարգի տարբերակները բազմազան չեն:

«Կամ բաշխողական համակարգն է, ինչը տարածված է նաև սերունդների համերաշխության անունով, կամ կուտակային համակարգն է, երբ աշխատակիցն իր աշխատանքի ընթացքում կուտակում է՝ հետագայում արժանապատիվ կենսաթոշակ ունենալու համար: Իհարկե, սա չի նշանակում, որ բնակչության չաշխատող հատվածը զրկվում է բաշխողական համակարգից օգտվելու հնարավորությունից, այսինքն՝ համակարգերն իրար զուգահեռ կարող են գոյություն ունենալ, և մեր երկրում այս մոդելն է ներդրված»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Նա նշեց, որ օրենքի փոփոխություններով պետության մասնակցության չափն ավելացել է, այսինքն, եթե նախկինում հավասար էր՝ 5-5 տոկոս, ապա հիմա 7.5 տոկոսը կլինի պետության մասնակցությունը, իսկ 2.5 տոկոսը քաղաքացու, որպեսզի ահահովի 10 տոկոսը: Ինչ վերաբերում է բաշխողական համակարգին, Ջանջուղազյանն ասաց, որ արժանապատիվ թոշակ ստանալու համար 1 աշխատողին 3 թոշակառու պետք է ընկնի, իսկ մեզ մոտ 1/1 հարաբերակցություն է, և ռիսկը կա ժողովրդագրության հետ կապված:

«Սրանով պայմանավորված՝ կուտակային կենսաթոշակային համակարգը լուծում է այս խնդիրը: Սակայն, եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ այս լուծման մեջ որպես պայման դրված է եկամտահարկի դրույքաչափի փոփոխություն: Նպատակն էլ շատ պարզ է, այսինքն՝ այն, որ մարդկանց այսօրվա տնօրինվող գումարը չնվազի»,- նշեց Ջանջուղազյանը:

Նախարարը, խոսելով եկամտահարկի փոփոխության մասին, ասաց, որ քննարկվում է: Նրա խոսքով՝ այս հարցին վերաբերվում են ոչ թե որպես լոկալ խնդիր, այլ դիտարկում են ամբողջության մեջ: Ըստ Ջանջուղազյանի՝ այսօր կարևոր նպատակն է հասկանալ, թե ՀՀ-ում գործող համակարգը որքան է ծառայում երկրի տնտեսության ներկա պահանջներին, որքանով է համարժեք  առկա պայմաններին: Նրան չի զարմացնում այն հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը կարող է դժգոհություններ առաջացնել, բայց կարծում է, որ դժգոհությունից խուսափելու սկզբունքով պետությունը չի կարող աշխատել:

«Հնարավոր է, որ իմ պատասխաններում կոպիտ բաներ հնչեն՝ զգայական առումով, ի վերջո, ֆինանսները հաշվարկ են: Մարդը սիրում է այսօր լավ ապրել, հետո, հայի ասած, մի դուռ կբացվի, բայց պետությունը հստակ պարտավորություններ ունի, այսօր պետք է միջոցներ ձեռնարկի: Եթե մենք առաջնորդվենք տրամաբանությամբ, որ հետո մի դուռ կբացվի, կարող ենք կանգնել մի փաստի առաջ, որ մենք պարտավորություն ունենք կատարելու, բայց չունեն հնարավորություն՝ այդ պարտավորությունը կատարելու: Այդ դուռը հետագայում կարող է բացվել, բայց կարող է նաև չբացվել»,- շարունակեց նախարարը:

Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ նաև մտահագությանը՝ կապված կառավարիչների սնանկության հետ և ասաց, որ, նույնիսկ, սնանկանալու պարագայում, քաղաքացին չի տուժի:

«Մեդալի նման 2 կողմ ունի՝ մի կողմից մեզ քննադատում են այն կարգավորման համար, որ միջոցները ներդրվում են նաև ՀՀ-ից դուրս, բայց մյուս կողմից  էլ հարց է առաջանում, որ, եթե սնանկանան այդ կառավարիչները, ապա ո՞րն է երաշխիքը, որ գումարը հետ կստանանք: Խնդիրն այն է, որ կառավարիչների սնանկանալը որևէ կապ չի ունենա այդ միջոցների հետ, բայց այսօր չեմ էլ ցանկանում խոսել այն մասին, թե ինչ հեղինակավոր ֆոնդեր են, ու ինչ գումարներ են տնօրինում: Հիպոթետիկ պատկերացնեք, որ սնանկացել են ու արձանագրենք, որ գործնականում զրո ազդեցություն ունի քաղաքացու վրա: Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող դրամական միջոցները ֆոնդերը չեն կարող իրենց համար օգտագործել, այդ գումարները տարատեսակ ակտիվների մեջ են ներդրված»,- եզրափակեց Ատոմ Ջանջուղազյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ