Ամերիկյան զենքը մեր զինվորներին երբեք չի սպառնացել ու չպետք է սպառնա
Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից ձեռքբերված ամերիկյան Բել-412 ուղղաթիռներին:
Նա, մասնավորապես, գրել է. «Ուղղաթիռների վաճառքի դեմ բողոքն արդեն ԱՄՆ Կոնգրեսում, Պետդեպում ու Պենտագոնում է:
Երեկ առավոտյան կապվել էի Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի հետ: Ընկերոջս` Արամ Համփարյանին ուղարկել էի ամերիկյան ուղղաթիռների վերաբերյալ նյութերը, որոնք հայտնվել են Բաքվում: Ընդհանրապես Արամի հետ շատ ենք խոսել ամերիկյան զենքի վաճառքի իրավական արգելքների մասին: Այո, արգելվում է ամերիկյան զենքի, ռազմական պարագաների, ինչպես նաև կրկնակի նշանակության, կամ պոտենցիալ ռազմական նշանակության վերածվող ցանկացած ապրանքատեսակի վաճառք հակամարտող կողմերին: Էլ չեմ ասում 907-րդ բանաձևը:
Չնայած Հայաստանից դեռ արձագանք չկա, հայ դատի գրասենյակը արդեն մտավ թեմայի մեջ: Նույնիսկ, եթե սա իմ ու հայ դատի գրասենյակի կռիվնա, մենք կանենք: Ամերիկյան զենքը մեր զինվորներին երբեք չի սպառնացել ու չպետք է սպառնա»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվելու են գերժամանակակից համակարգեր, որի գոյության մասին քչերը գիտեն:
Ըստ նրա՝ շքերթի ժամանակ կցուցադրեն նաև ամերիկյան Bell 412, MI-24 ուղղաթիռներ, MI35, KA-27 հարվածային համակարգեր: