Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում «թավշյա հեղափոխության» արդյունքում ստեղծված նոր իրավիճակը երկսայր սուր է Բաքվի համար: Նրա խոսքով՝ մի կողմից՝ Բաքուն որպես այդպիսին չի ճանաչում իշխանության եկած նոր ուժերին, մյուս կողմից՝ Բաքվում չեն համակերպվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ արած հայտարարության հետ: «Այս հայտարարությունը շատ ծանր տարան Բաքվում և սկսեցին արագորեն արձագանքել: Դրան հաջորդեց Մամեդյարովի այցը Փարիզ, որտեղ նա հավաստիացնում էր, որ իրենք պետք է սահմանված ձևաչափով շարունակեն բանակցությունները»,-նշեց նա:
Այն հարցին, թե Մինսկի խմբի համանախագահների այսօր՝ հունիսի 13-ին Հայաստան կատարած այցը ինչ բնույթ կկրի, և ինչ հարցերի կանդրադառնան կողմերը, ադրբեջանագետը պատասխանեց, որ համանախագահների այցն այս անգամ ավելի շատ ճանաչողական բնույթ կկրի՝ հասկանալու համար, թե ինչ մտադրություններ կան առկա գործընթացներում: «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված՝ Հայաստանում հստակ նշել են, որ պատրաստ են բանակցությունները շարունակել առկա ձևաչափով, և Ղարաբաղի բանակցությունների սեղան բերելն էլ ավելի շատ պայմանավորված է բանակցությունների շոշափելի արդյունքներ տեսնելու ցանկությամբ»,-նշեց Հայրապետյանը և հավելեց, որ համանախագահներն ամեն ինչ կանեն առաջիկայում Ալիև- Փաշինյան հանդիպում կազմակերպելու համար:
Անդրադառնալով Նախիջևանում ստեղծված իրավիճակին՝ բանախոսն ասաց, որ Բաքուն կարծես միտումնավոր սրում է իրավիճակը, և դրան էլ հաջորդում է Թուրքիայի այն հայտարարությունը, թե իրենք շուտով պատրաստվում են երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան: «Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են ազդեցությունը մեծացնել Նախիջևանում: Բաքուն ամեն կերպ փորձելու է շարունակել սադրանքները՝ ցույց տալու համար, որ հայկական հեղափոխությունն իր վրա մեծ ազդեցություն չի թողել և հարկ եղած դեպքում պատրաստ է գնալ ռազմական գործողությունների վերսկսման»,-ասաց Հայրապետյանը: