Նախագահականից չեն ներկայացնում Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերը
Իրադարձությունների անակնկալ զարգացումների պատճառով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցի շուրջ քննարկումները կարծես թե դադարել էին, սակայն թեման կրկին սկսել է ակտուալ դառնալ:
Ապրիլի 26-ի երեկոյան, այն ժամանակ դեռ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո «Հետք» լրատվական կայքը դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանի ներկայացրած փաստաթղթերի պատճենները:
Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրել է, որ նախագահի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղեկանքն է, որը ներկայացվել է Ազգային ժողով և «համարվել է պատշաճ»:
Հասմիկ Պետրոսյանը հրաժարվել է տրամադրել Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության դադարեցման հետ կապված փաստաթղթերը՝ նշելով, որ դրանք«անձնական բնույթ ունեն, ուստի և նպատակահարմար չենք համարում դրանց տրամադրումը»:
«Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին այդ թղթերը տրամադրելուն, դա արվել է ծանոթացման համար, քանի որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դա նրան անձամբ խոստացել էր»,- գրված է նախագահի օգնականի պատասխանի տեքստում: