Սա համաձայնեցված գործողություն է. փորձագետ
«Բավականին լուրջ համակարգեր են, որոնք կարող են վնաս տալ: Դժվար է ասել, որ մեկ զինատեսակով ռազմական բալանսը խախտվում է, բայց այդուհանդերձ, դա լուրջ լծակ է»,-Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից «Պոլոնեզ» համակարգի ձեռքբերմանը, ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Հիշեցնենք, որ 2017 թ աշնանը Բելառուս այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարին ցուցադրել էին «Պոլոնեզ» համակարգը, իսկ այս տարվա ապրիլին Կոմերսանտ հայտնել էր, որ 2018 թ.Ադրբեջանը պատրաստվում է Բելառուսից գնել տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Այսօր արդեն Իլհամ Ալիևը մասնակցել է հրթիռային նոր զորամասի բացման արարողությանը, որտեղ ցուցադրվել են «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
Կարեն Վրթանեսյանի կարծիքվ, թե այս համակարգի ձեռքբերումը հենց այս ժամանակահատվածում, թե սահմանին ու Նախիջեւանի ուղղությամբ ընթացող զարգացումները պետք է վերլուծել որպես մեկ շղթա եւ պատահական չէ, որ Ադրբեջանը նոր համակարգը հիմա գնեց: «Չեմ կարծում, թե սա պատահական համընկնում է, ես հակված եմ կարծել, որ սա ինչ- որ համաձայնեցված գործողություն է , այնպես չէ, որ պատահաբար գնացին ու սուպերմարկետից զենք առան»-նշեց Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ սա ոչ միայն գործող իշխանության, այլեւ հասարակության համար պետք է զգոնության ազդակ հանդիսանա: