Մինչեւ ԸՕ փոփոխությունները արտահերթ ընտրությունների մասին չենք կարող խոսել. Շարմազանով
Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ թե ԸՕ-ի փոփոխության , թե արտահերթ ընտրությունների անցկացման հարցում Հանրապետականը պատրաստ է բանակցությունների եւ այդ մասին հայտարարել է, բայց նրա խոսքով, մինչեւ արտահերթ ընտրությունների մասին խոսելը, նախ ԸՕ-ը պետք է բարեփոխել: Երկու գործընթացները, Շարմազանովի խոսքով, թեեւ փոխկապակցված են , բայց առանձին գործընթացներ են:
«Ընտրական օրենսգիրքը շատ լուրջ փաստաթուղթ է եւ այն պետք է անցնի շատ լուրջ քննարկում: Հանրապետականն արդեն ներկայացրել է պրոֆեսիոնալ իրավաբաններից եւ քաղաքական գործիչներից կազմված երեքհոգանոց պատվիրակություն: Մենք հուսով ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կհետեւի մեր իշխանությունների աշխատաոճին եւ Ընտրական օրենսգրքի քննարկումների համար կապահովի լայն ժողովրդավարություն եւ մասնակցություն: Փաստաթուղթը կարող է ընդունվել քաղաքական ուժերի , քաղհասարկակության ու միջազգային կառույցների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի միջեւ կոնսենսուսի միջոցով», -շեշտեց ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ կառավարության ներկայացրած ծրագրում խոսվում է նաեւ արտահերթ ընտրությունների մասին, նշում է, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն առավելագույնը մեկ տարվա ընթացքում: Նշվում է նաեւ ԸՕ-ի փոփոխությունների եւ մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգի վերացման մասին:
«Ես չեմ կարծում , որ ԸՕ-ը փաստաթուղթ է, որը կարելի է ընդունել ոտքի վրա, այնպես չէ, որ կարելի է մեկ-երկու ձեւական բան փոխել եւ ասել, վերջ, ռեյտինգայինը փոխեցինք, այլեւս փոխելու բան չկա : Պետք է հստակեցնել բոլորիս առաջարկությունները, հասկանալ, թե որտեղից պետք է գտնել ֆինանսական միջոցները, որքան են դրանք, կան արդյոք, թե ոչ: Մինչեւ ԸՕ-ը չբարեփոխվի, չենք կարող խոսել արտահերթ ընտրությունների մասին», –Henaran.am-ի հետ զրույցում նկատում է Շարմազանովը՝ հավելելով, որ իրենք արտահերթ ընտրությունների անցկացմանը չեն խոչընդոտելու բայց, ժամկետների սահմանափակումներ էլ չեն դնում:
«ԸՕ փոփոխությունները կարող են լինել 6 ամսում, կարող են լինել 2 տարում: Մենք չենք ուզում ժամկետները վիճարկել, մենք ասում ենք՝ նստենք, բանակցենք՝ ինչ իրավական հիմքով, ինչ քաղաքական հիմքով պետք է այդ ամենը կազմակերպել»: