Եղբորս որդին իմ կողմից պատժվել է. Օսիպյանը մանրամասնել է
«Քննությունը պարզել է՝ դանակահարողն իմ եղբորորդին չի եղել»,-այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով 2014 թվականի հունիսի 1-ին իր եղբորորդու հետ կապված պատմությանը:
«Այդ կռիվը, ծեծկռտուքն իր պատճառով է եղել, բայց դանակահարության մասով, վստահեցնում եմ Ձեզ, ինքը չկա, եւ դա քննության ընթացքում պարզվել է, պարզվել է, որ ինքը չի»,-ասել է Օսիպյանը:
«Հաջորդն ասեմ՝ ինքն իմ հարազատն է, ես պարտավոր չեմ նախեւառաջ պատասխան տամ։ Յուրաքանչյուրն էլ ունի հարազատներ: Ճիշտ է, ես դրանից չեմ հրաժարվում, ինքը ստացել է իր արժանի պատիժն իմ կողմից, բայց ես նաեւ պարտավոր էլ չեմ իր համար պատասխանատվություն կրել», – նշել է ոստիկանապետը։
Հիշեցնենք՝ 2014 թվականի հունիսի 1-ին դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը զրկվել է փայծաղից ու հայտնվել վերակենդանացման բաժանմունքում` եղբոր պատիվը պաշտպանելու համար: Այն ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Վանուշ Ալեքսանյանին վիճաբանության ժամանակ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին էր:
Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարությունից օրեր անց, Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե Երեւանի փոխոստիկանապետն իրեն առաջարկել է հանցավոր գործարքի գնալ եւ որդու ուսերին բարդել հունիսի 1-ին տեղի ունեցած դանակահարությունը, որի հետեւանքով 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել եւ զրկվել է փայծաղից: