«Իգլայի» գործով մեղադրվող Ռոբերտ Աղվանյանի մասով նախաքննությունն ավարտվել է.մանրամասներ
«Իգլա» տեսակի զենքն ապօրինի իրացնելու մեջ մեղադրվող Ռոբերտ Աղվանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Աղվանյանը ապօրինի կերպով պահել, փոխադրել, ապա իրացրել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակով, 9Մ39 տիպի ռազմամթերք հանդիսացող հրթիռը:
Նա 2011թ. ընթացքում հանգուցյալ հոր տունը վաճառելիս խորդանոցում գտել է ապօրինի կերպով պահված վերոհիշյալ ռազմամթերքը, այն փաթեթավորել է, ապա ապօրինի փոխադրել և գաղտնի պահել է ընկերոջ` Արթուր Վարդանյանի կնոջ մորը պատկանող Հայթաղ գյուղում գտնվող տան նկուղում:
2017թ. փետրվարի 22-ին Ռոբերտ Աղվանյանը Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է իր վաղեմի ծանոթներին` Վաղարշապատ քաղաքի բնակիչներ Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին, ովքեր Սանասար Գաբրիելյանի հետ նախնական համաձայնությամբ, Սամվել Բաբայանի դրդմամբ, վերջինիս կողմից խոստացված 50.000 ԱՄՆ դոլարի վարձատրությունը ստանալու ակնկալիքով, Վրաստանի տարածքում փնտրել են «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
Զրույցների ընթացքում Հրաչյա Մայիլյանից և Արմեն Պողոսյանից տեղեկանալով նշված ռազմամթերքը ձեռք բերելու մտադրության մասին՝ Ռոբերտ Աղվանյանը պատրաստակամություն է հայտնել 38.000 ԱՄՆ դոլարի դիմաց իրացնել այդ ռազմամթերքը:
Այնուհետև վերադառնալով Հայաստան՝ Ռոբերտ Աղվանյանը 2017թ. մարտի 15-ին ապահովել է ապօրինի պահված ռազմամթերքի փոխադրումը ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի ամայի տարածք, որտեղ հնարավորություն է ընձեռել Հրաչյա Մայիլյանին պլանշետային համակարգիչով նկարահանել այն` պատվիրատուին ցույց տալու համար, իսկ 2017թ. մարտի 17-ին 4000 ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց նույն գյուղում «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակով 03277 գործարանային համարով, 9Մ39 տիպի ռազմամթերք հանդիսացող հրթիռը փոխանցել է Հրաչյա Մայիլյանին` ապօրինի կերպով իրացնելով այն:
Ռոբերտ Աղվանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Աղվանյանը հետախուզվում էր, նա հայտնաբերվել էր Թբիլիսիում՝ վրաց իրավապահների կողմից, այնուհետև ինը ամիս անց տեղափոխվել Հայաստան:
Նշենք, որ «Իգլայի» գործով Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման, Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարի, Արմեն Պողոսյանը՝ 2 տարի ազատազրկման:
Կարեն Քոչարյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն այն պայմանականորեն չի կիրառվի`սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. սահմանվել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով։ Ժորա Զաքարյանը դատապարտվել 2 տարվա ազատազրկման. պատիժը պայմանականորեն չի կիրառվի. փորձաշրջան է սահմանվել 2 տարի ժամկետով։ Դավիթ Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով` պատիժը պայմանականորեն չկիրառելով։