Սերժ Թանկյանի խորհուրդը՝ ցուցարարներին․ տեսաուղերձ
Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հղել՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․
«Ես շատ կուզեի ձեզ միանալ Երեվանում, կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս եւ միտքս ամբողջովին ձեր հետ է։ Մինչեւ հիմա չեմ կարողացել այլ պատճառներով, բայց շուտով կարողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար: Այս շարժումը իսկական է եւ այն լիովին ձերն է եւ պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։
Առաջին — հեռու մնալ«Գունավոր հեղափոխության» տերմինաբանությունից, քանզի այն ընդհանրացվում է Արեւելք /Արեվմուտք առճակատման հետ։ Մեր պայքարը Արեվելքին կամ Արեվմուտքին կողմ կամ դեմ լինելը չէ, այլ այն արդարության եւ առաջադիմական փոփոխության համար է: Մենք չենք ուզում որեւէ կայսրության վասալ պետությունը լինել, մեզ պետք են լավ հարաբերություններ բոլորի հետ:
Երկրորդ — Ձեր պահանջները կոնկրետացրեք: Առաջարկում եմ պահանջել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաեւ հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց: Այնուհետեւ ես կպահանջեի բարեփոխումների փաթեթ, որը կզբաղվեր այն բոլոր անարդարություններով, որոնք մեզ հայտնի են` կոռուպցիա, շրջակա միջավայրի աղտոտում, եւ այլ բաներ, ներկայացնելով հստակ ժամանակահատված նոր կառավարությանը դրանք իրականացնելու համար։ Եթե բարեփոխումները տեղի չեն ունենում, ապա ես ամսաթիվ կնաշանակեի ապագա նոր բողոքի ցույցերի համար, այս անգամ պահանջելով խորհրդարանի հրաժարականը եւ նոր խորհրդարանական ընտրություններ:
Երրորդ — Շարունակեք ձեր խաղաղ դիմադրությունը, խուսափեք սադրիչների թակարդներից, նրանք կստանան իրենց անարդարությունը, երբ նրանց ղեկավարները մի օր կազատվեն աշխատանքից, եւ նրանք ստիպված կլինեն գալ ձեր մոտ աշխատանք խնդրելու համար: Շարունակեք լինել ճկուն, արդար, անկեղծ եւ սիրող, շարունակեք ոստիկանության հետ վարվել եղբայրների եւ քույրերի պես, քանի որ նրանք այդիսին են իրականում»,- մասնավորապես ասված է տեսանյութում։