Ծաղիկներու մայրի՛կ դու կույս՝ ով իմ Մայի՛ս ծաղկահանդերձ…
Ո՜հ, ի՞նչ ես դու, սե՞ր, երկնի հուր կամ ժըպի՞տ․․․
Չ՚ունի երկին աչացդ կայծերն ու կապուտ,
Վարդը չ՚ունի քու լանջդ ամբիծ, լուսափթիթ,
Չ՚ունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ։
Գիշերն երկնի կայծից, լուսնույն սխրադեմ,
Ցերեկն ալյաց, ծաղկանց ժպտիս․․․ մեկո՜ւն գեթ․․․
Իսկ քեզ համար ես արցունքով կ՚աղոթեմ,
Դու չ՚ես շնորհեր նայվածք մ՚ինձ հուր աչերեդ։
Արդյոք էա՞կ մ՚ես թե երկնի զըվարթուն,
Կը նախանձին փայլիդ վըրա վարդ, լուսնակ.
Ձայնիկդ ապշած լըսելով քաղցր ու թրթրուն`
Նոճերու մեջ կ՚սըգա լըռիկ լուսինյակ։
Ծնեի իցի՜վ թ՚հևացող հով մ՚անուշիկ,
Եվ գգվելով երազք ճակտիդ այդ անսուգ`
Տայի շունչըս շուրթերուդ մեջ ես հուշիկ,
Լոկ սրբելով` եթե շողար աչքդ արտսուք։
Պարտեզդ իցի՜վ թե փթթեի վարդ լացող,
Եվ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերճ՝
Գունովս ներկել այտերդ, թափել գոգդ իմ ցող,
Թոռմեի գիրգ ձեռքըդ տայի կյանքիս վերջ։
Բխեի ես իցի՜վ թ՚առու մը վըճիտ,
Եվ երբ հուշիկ նստած մոտ իմ եզերքին,
Ցոլանար իմ հայելվույն մեջ քու ժըպիտ՝
Պղտորելով կապույտ ալիքս՝ ցամքեին։
Ա՜հ, իցի՜վ թե լինեի ես ճառագայթ,
Շողշողայի դեմքիդ վըրա վայրիկ մի,
Խաբեի քեզ թ՚ես ավելի գեղազարդ,
Ի՚անուշաբույր մազերուդ մեջ մարեի։
Այլ ո՛չ, անգո՛ւթ, եթե տըվիր մեկուն սեր,
Իցի՜վ թ՚անոր գերեզմանին քարն լինիմ,
Եվ դու թոշնած գաս շնչե՜լ շուրջս․․․ արտասվե՜լ․․․
Քեզ հըպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ․․․
Առ կույսն
Ո՜հ, մի՛նչև ցե՞րբ, ըսե՚, ո՛կույս, հո՛գիս ըլլա գեղույդ գերի,
Եվ մինչև ց՝ե՞րբ թրթռան աղիք ցաված սրտիս և քնարի,
Լոկ համբուրիկ մ՚ուզեցի քաղել այտեդ մեկ թարմ վարդ,
Ճառագայթ մը խնդրեցի աչերեդ երկնազվարթ,
Զըլացար դո՚ւ անգո՜ւթ, վարդ մը դժգույն ճակտիս,
Եվ ճառագայթ մ՚այն անդունդին խոր սրտիս․
Ոչ, ես չ՛եմ կրնար ապրիլ զուրկ գրկեդ,
Ծիծառնիկն ապրի դուրս բույնեն գեթ․
Տրտմալար քնարս զարնեմ ջախջախ,
Գոցեմ սիրտըս սիրաբախ․․․
Մնայք բարով, կո՛ւյս և քնա՛ր,
Կույսին տեղ լա՛ց, քա՛ր,
Ճակատս նըսեմ
Հանգչեցնեմ
Մաշող
Հող։
Առ Մայիս
Ծաղիկներու մայրի՛կ դու կույս՝
Ով իմ Մայի՛ս ծաղկահանդերձ,
Սա երփներանգ ծաղկոքդ հանդերձ
Է՞ր չը բերիր Ծաղիկն հոգվույս։
Ո՜հ, միթե կա՞ այլ զըվարթուն
Մայիս հոգվո Ծաղիկներու․
– Նա փողփողե վերև գլխու,
Մի դալկահար Մայիս անհուն։
Գարնանային կենացս մեջ
Գարնանային կենացս մեջ
Սիրո ծաղկունք մինչ փըթթեին՝
Սիրտըս վառված սիրովն անշեջ
Առաքինվույն և գեղեցկին,
Մահագուշակ խորշակն անդեն
Հասավ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամեն
Ծըլած փթթած սրտիս մեջ նոր։
Այն, որ տըվավ երկրիս գարուն,
Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին
Եվ մարդկային վեհ սրտերուն
Ուսույց սիրել գեղն ու բարին,
Ինչո՞ւ արդյոք խորշակահար
Կ՚ընե ծաղկունք դեռափըթիթ,
Ինչո՞ւ արդյոք Նա սիրահար
Սըրտերն զեղու արտասվոք միշտ։
Ահա կիջնեմ, ո՜հ, ես այժմեն
Առջևս բացված գերեզման խոր,
Բայց սա տըխուր տեսարանեն
Ի՜նչ կա արդյոք հաճույք մ՚Անոր։
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ