Փաշինյանը փորձում է շրջափակել Կառավարության շենքը. պայթունավտանգ իրավիճակ է
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները վաղ առավոտյան փորձեցին մոտենալ կառավարության շենքին, սակայն այստեղ բազմաթիվ ոստիկաններն արդեն կենդանի շղթա են կազմել:
Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր Սերժ Սարգսյանի առաջին նիստն է կառավարության շենքում, ուստի իրենք առավոտից շրջափակելու են կառավարական շենքերը եւ թույլ չտան, որ մարդիկ ներս մտնեն:
Փաշինյանի աջակիցները իրար թև մտնելով շղթա են կազմել կառավարության երրորդ մասնաշենքի մոտ: Մարդկանց թիվը գնալով ավելանում է: Ոստիկանները փորձում են հեռացնել ցուցարարներին: Արդեն բերման ենթարկվածեր կան
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում, արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:
Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: