Առանց ծեծելու ու խփելու. Փաշինյան
«Փորձել ենք անել մի բան, որն իր նախադեպը չի ունեցել. սա իր բովանդակությամբ առավելագույնս համապատասխանում է բռնությունը բացառող քաղաքական տրամաբանությանը եւ այս քայլով ուզում ենք ընդգծել մեր օրակարգի բացառիկությունը»,-այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Ելք» խմբակցության պատագամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Փաշինյանը մարտի 31-ից քայլերթ է սկսել Գյուրիից: Նա կանցնի մոտ 200 կմ և ապրիլի 13-ին կլինի Ազատության հրապարակում:
Դիտարկմանը, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւս հայտարարել է, որ իրենք դեմ են բռնությանը, Փաշինյանն արձագանքեց. «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ ունենք հաղորդակցության որոշակի խողովակ, որի միջոցով մենք այս խնդիրները դրել ենք եւ դեռ պաշտոնական արձագանք չենք ստացել: Քանի դեռ չենք ստացել պաշտոնական արձագանք, այդ հարցի վերաբերյալ վիճակը մնում է առկախված:Մեր հակազդեցությունը լինելու է պասիվ, եւ լինելու է ոչ թե անձանց, այլ հնարավոր բռնության նպատակների դեմ: Ենթադրենք մեր նկատմամբ ուժ են գործադրում եւ պահանջում են տարածքից հեռանալ: Մենք կփորձենք տարածքից չհեռանալ, ոչ թե մեկին ծեծելով, խփելով»:
Փաշինյանի խոսքով, բռնությունը եւ հակաբռնությունը բացառող իրենց գործողությունը չի լինելու փխրուն, վախվորած, նուրբ ու դյուրաբեկ. «Մենք շատ վճռական ենք տրամադրված, տրամադրված ենք կոշտ, քաղաքացիական անհնազանդության: Այդ միջոցով մտադիր ենք, եթե ժողովրդի աջակցությունն ունենանք, հնազանդեցնել իշխանությանը: Մենք ուզում ենք, որ 1991 թվականից հետո առաջին անգամ ՀՀ քաղաքացին հաղթանակի»: