«Եթե նախարարությունը չկա, դա չի նշանակում, որ գործառույթը վերանում է»
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարար Վաչե Գաբրիելյանն իր իսկ կողմից ղեկավարվող նախարարության լուծարման գործընթացին վերաբերվում է նորմալ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Եթե նախարարությունը չկա, դա չի նշանակում, որ գործառույթը վերանում է: Ինտեգրումը կարելի է անել այլ միջոցներով, մասնավորապես, փոխվարչապետի ինստիտուտի միջոցով՝ առանց նախարարության, վարչապետի աշխատակազմի միջոցով կհամակարգվեն»:
Գաբրելիյանը չբացառեց, որ ինքը կշարունակի ապրիլից հետո էլ պաշտոնավարել, բայց նշեց, որ նման որոշում դեռ չկա: Նրա փոխանցմամբ առայժմ պարզ չէ, թե նախարարության աշխատակազմը ի՞նչ է անելու լուծարումից հետո:
«Նրանք բավականին բարձ որակավորում ունեցող կադրեր են, որոնք իրենց տեղը կգտեն այլ կառույցներում կամ մասնավոր ոլորտներում»,- ասաց նա եւ տեղեկացրեց, որ նախարարությունը իր հաշվեկշռում ունի երկու ավտոմենքենա, իսկ հաստիքների թիվը 30-ն է, որն այս պահին լրիվ համալրված չէ: