Հիսուս Քրիստոսին հետևողները պետք է լինեն ուռենու պես խոնարհ ու հեզ․ Ծաղկազարդի խորհուրդը
Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 25-ին նշելու է Ծաղկազարդը։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱՀԹ Եռաբլուրի Ս Նահատակաց եկեղեցու և Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, անդրադառնալով տոնի խորհրդին, ասաց՝ Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Բանախոսը նշեց՝ Ծաղկազարդի նախորդ երեկոյան նշվում է Ղազարոսի հարության հիշատակը՝ որպես օրինակ համընդհանուր հարության ու փրկագործության:
«Իսկ ահա այդ օրը՝ երեկոյան, կատարվում է Ծաղկազարդի այսպես ասած՝ նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, քանի որ Ծաղկազարդին բաց Պատարագ է մատուցվում՝ ի հիշատակ Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի: Հաջորդ օրը, ժամերգությունից, հանդիսավոր Անդաստանից հետո մատուցվում է սուրբ պատարագ», – ասաց բանախոսը՝ նշելով՝ անդաստանի ընթացքում օրհնվում են ուռենու ոստերը և բաժանվում ժողովրդին․ դա արմավենու կամ ձիթենու կանաչ ոստերով Տիրոջը Երուսաղեմի մոտ դիմավորելու հիշատակությունն է:
«Ուռենու ոստերի փափկությունը խորհրդանշում է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հետևողները պետք է լինեն խոնարհ ու հեզ», – նշեց տեր Բաբկենը՝ հիշեցնելով՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնը հայտարարվել է որպես երեխաների օրհնության օր: