Ուկրաինայի ընդդիմությունը մերժեց Յանուկովիչի առաջարկը /վիդեո/
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը առաջարկել էր ընդդիմության առաջնորդներից “Բատկիվշչինա” կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկին ղեկավարել կառավարությունը, իսկ հումանիտար հարցերով փոխվարչապետի պաշտոնը Ուկրաինայի նախագահն առաջարկել էր Վիտալի Կլիչկոյին:
Սակայն նրանք մերժել են այս առաջարկը, գրում է INTERFAX.RU-ն:
“Մեր առաջարկների մեծ մասը Յանուկովիչը չընդունեց։ Նա միայն համաձայնեց համաներել ձերբակալված բոլոր ցուցարարներին եւ հունվարի 16–ին Վերին Ռադայի ընդունած օրենքում փոփոխություններ մտցնել։ Իսկ մենք պահանջում ենք արդեն այս տարի նախագահական ընտրություններ անցկացնել”,- Մայդանում հայտարարել է Կլիչկոն` նշելով, որ իրենք չեն ընկրկելու:
Կլիչկոն ասել է նաեւ, որ իրենք խաղաղ մարդիկ են, ովքեր պաշտպանում են իրենց իրավունքները։
Հիշեցնենք, որ ցուցարարները Կիեւում մի շարք նախարարական շենքեր են գրավել: