Ողբերգական վթար Թալինում․ազատամարտիկ վարորդը մահացել է
Արագածոտնի մարզում, մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։15-ի սահմաններում Թալին քաղաքի Խանջյան փողոցում բախվել են 25-ամյա Արսեն Դ.-ի վարած Opel Astra մակնիշի 96 AՕ 966 համարանիշի եւ 64-ամյա Գրիգոր Տոնոյանի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի 34 ԼF 917 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Գրիգոր Տոնոյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղեւորներ 63-ամյա Անահիտ Հ.-ն եւ 20-ամյա Մխիթար Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդ Արսեն Դ.-ն՝ Երեւան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Անահիտ Հ.-ն աշխատում է Թալինի թիվ 2 դպրոցում՝ որպես տնօրեն, Մխիթար Գ.-ն սովորում է Երեւանի պետական համալսարանի 2-րդ կուրսում, Opel-ի վարորդն աշխատում է ոստիկանության զորքերի N զորամասում, իսկ մահացած Գրիգոր Տոնոյանը Արցախյան պատերազմի մասնակից է եղել, Թալինում նրան ճանաչում էին որպես կռված տղա, ով նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։
Նախնական տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, որը ոչ միայն ավտոմեքենան վարել է մեծ արագությամբ, այլեւ ստեղծել վթարային իրավիճակ, բախվել «099»-ին եւ դուրս եկել երթեւեկելի գոտուց, բախվել ցանկապատին եւ հայտնվել բնակչի հողամասում։