«Քանի դեռ ուշ չէ, սթափվեք պարոնա՛յք»
ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը լուրջ մտահոգություններ ունի, որ Կառավարության կառուցվածքի մասին, ինչպես նաև հարակից օրենքները երկիրը ոչ թե խորհրդարանական համակարգի են տանում, այլ սուպերվարչապետացման: «Ամեն ինչ անում եմ դրա համար»,-խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց նա: Պատգամավորը նկատեց, որ բուհ-երի ղեկավար մարմինները պետք է անկուսակցական լինեն, չնշանակվեն վարչապետի կամ նախագահի կողմից:
«Հիմա անում ենք հակառակը, բոլոր կարևորագույն օղակները դնում ենք վարչապետի ենթակայության տակ, կախված է լինում մեկ անձի որոշումներից, ի վերջո, ունենում ենք վարչապետ, ով վեր է բոլոր տեսակի վերահսկղությունների, ով պատասխանատու չէ որևէ մեկի, ունենում ենք սուպերվարչապետ, մի հրեշ ինչ-որ, ով ամենաթողությամբ օժտված է լինելու:
Սա լրջագույն վտանգներով է հղի մեր երկրի համար, մեր երկրի միջազգային վարկանիշի համար»,-հայտարարեց պատգամավորը:
Ըստ նրա՝ սրանով գնում ենք անընդունելի տոտալիտար միահեծան կառավարման: «Քանի դեռ ուշ չէ, սթափվեք պարոնա՛յք»,-հորդորեց նա: