Թուրքիան շարունակում է խոսել նախապայմանների լեզվով. Է. Նալբանդյան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/333_1390398079.jpg)
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ 2013 թվականը նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմամբ, ինչը, ըստ նախարարի` բխում է Հայաստանի տնտեսական ու ռազմական շահերից:
Անդրադառնալով ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հունվարի 20-ին ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիոն հարձակմանը, նախարարն ասել է, որ այն ուղղված է խանգարելու ԼՂ-ի բանակցային գործընթացին:
Ըստ նրա, արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը տարվա ընթացքում շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքերը` հիմնահարցի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ:
“Պետք է շարունակել բանակցային գործընթացը, որովհետեւ բանակցություններին այլընտրանք չկա”,- ասել է նա:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` Է. Նալբանդյանն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային մոտեցումը շարունակում է վայելել միջազգային հանրության աջակցությունը:
“Մենք սպասում ենք, թե երբ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիան շարունակում է խոսել նախապայմանների լեզվով, թեեւ ձեւացնում է, որ նախապայմաններ չկան: Այդ մոտեցմամբ անհնար է առաջ շարժվել”,- ասել է նա: