Քաղաքական ուժերը կփորձեն օգտագործել հասարակական ակտիվությունը` սեփական քաղաքական ուժերի պասիվությունը քողարկելու համար
Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կայացած երթին ու քաղաքական ուժերի մասնակցությանը:
” ”Դեմ եմ” պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաք-երթին, ինչպես հայտնի է, մասնակցեցին նաև խորհրդարանի ոչ իշխանական ուժերը (Լևոն Զուրաբյանի ասած` ընդդիմադիր 4 ուժերը):
Հանրահավաքը բավականին ակտիվ ստացվեց, ամեն դեպքում` այն ավելի մարդաշատ էր, քան կարող էին կազմակերպել դրան մասնակից քաղաքական ուժերը (ԲՀԿ-ն այս առումով բացառություն է` հաշվի առնելով վարչական ու ֆինանսական լծակները):
Մյուս կողմից, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը վերաբերում է հասարակության բավականին լայն շերտին, ապա կարելի է ֆիքսել, որ դրան մասնակցեց համակարգից ”տուժողների” միայն մի փոքր մասը:
Հանրահավաքի մասնակից քաղաքական ուժերին ու քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներին այդ օրը միավորել էին նույն հարցի շուրջ ունեցած մտահոգությունները, սակայն եթե քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների համար պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը նպատակ է, ապա քաղաքական ուժերի համար` միջոց:
”Դեմ եմ” նախաձեռնության ներկայացուցիչները նաև իրենց ելույթներում ամրագրում էին, որ իրենց նպատակը միայն այս խնդրի` իրենց համար նպաստավոր ձևով լուծումն է և իրենք մտադիր չեն այս նախաձեռնությունից հետո անդրադառնալ առկա մեկ այլ խնդրի կամ քաղաքականացնել իրենց պայքարը:
Ի հեճուկս դրան, հանրահավաքի մասնակից ուժերն ու նրանց համակիրները, որոնք պարբերաբար հնչեցնում էին իրենց քաղաքական կարգախոսները, իրենց ելույթներում անուղղակիորեն հասկացնում էին, որ սա ընդհանուր պայքարի մի ուղղությունն է` միաժամանակ իրենց ելույթներով (խիստ անուղղակի) հիմնավորելով այն քաղաքականացնելու անհրաժեշտությունը:
Նպատակ չունենալով հիմնավորել կամ փաստեր շարադրել հարցի քաղաքական կամ ապաքաղաքական լինելու, շարժումը քաղաքականացնելու և առավել ևս, քաղաքական ուժերի և քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների հակադրությունների մասին, այնուամենայնիվ, շատ կարևոր է հասկանալ, թե, ի վերջո, որո՞նք են լինելու հաջորդ քայլերը և կա՞ արդյոք ”պայքարի ճանապարհային քարտեզ”:
Ընդ որում` քաղաքական ուժերի մասով, կարծես թե, ամեն ինչ հստակ է. նրանք փորձելու են շարժումից վերցնել իրենց համար այն առավելագույնը, որը կարող է նպաստել իրենց ռազմավարական նպատակների իրականացմանը և սա ինչ-որ տեղ հասկանալի է: Ամեն դեպքում, եթե նույնիսկ այս հարցում իշխանությունը փոխզիջումների չգնա, քաղաքական ուժերը կփորձեն օգտագործել հասարակական ակտիվությունը` սեփական քաղաքական ուժերի պասիվությունը քողարկելու կամ, գոնե, նման իմիտացիա ստեղծելու համար:
Իսկ թե ո՞ր ճանապարհով կգնա պայքարը ապաքաղաքական ուժերի համար, դեռևս հստակ չէ: Ի վերջո, նրանք պայքարի, առավել ևս, երկարատև պայքարի փորձ չունեն, իսկ իշխանությունը, կարծես, չի ընկրկում: Շատ բան կախված է նրանից, թե առաջիկայում ինչպիսի ակտիվություն կապահովվի հասարակության կողմից և իրենց նպատակներին հասնելու համար, պայքարի ինչպիսի ճանապարհ կընտրի քաղաքացիական նախաձեռնությունը:
Հ.Գ. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանդես եկողներից ոմանք սպառնում են օրենքի չփոփոխման դեպքում լքել երկիրը: Պետությանը շանտաժի ենթարկելը պայքարի միջոց չէ”: