27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվայից զիջումներ կորզելը Բաքվի համար կարող է դառնալ տեխնիկայի հարց

Ինչպիսին  կլինեն  հայ-ռուսական  հարաբերությունները  Ռուսաստանի  նախագահական  ընտրություններից  հետո

Առաջին  հայացքից  հարցադրումը  կարող  է  տարակուսանք  առաջացնել: Նախ,  ինչո՞ւ է  շեշտը  դրվում  միայն  ռուսական  ընտրությունների  գործոնի  վրա,  չէ՞  որ  ապրիլին փոխվելու  է  նաեւ  Հայաստանի  կառավարման  համակարգը,  եւ  երկրորդ, մի՞ թե  պարզ  չէ,  որ  ռուսաստանյան ընտրություններում  ամեն  ինչ  կանխորոշված է:   

Մենք այս  խնդրին  մոտենում  ենք  փորձագիտական  տեսանկյունից եւ փորձելու  ենք  հաշվի չառնել բոլոր  ձեւական ու հուզական  կողմերը:

Գործնականում անհնար է, որ Հայաստանում ապրիլից ձևավորվելիք իշխանությունը  փոխի հայ-ռուսական  հարաբերությունների վեկտորը: Բայց Հայաստանը պետք է արդյունավետ դարձնի իր հարաբերությունների համակարգը, եւ  պետք է խորությամբ վերանայվի հայ-ռուսական հարաբերությունների կազմակերպման տեխնոլոգիան: Դրան մենք մանրամասն կանդրադառնանք ստորեւ։

Ինչ  վերաբերում  է  Ռուսաստանին,  ապա  այդ  երկիրը  տարածաշրջանային  գերտերություն  է,  եւ  իր  շահերը  մեր  տարածաշրջանում  նույնպես  բազմաշերտ  են ու  բազմաբնույթ: Եւ մենք միշտ պետք է գիտակցենք, որ ներռուսաստանյան  քաղաքական  այս  կամ  այն շեշտադրումի  փոփոխությունը կարող  է  լուրջ  ազդեցություն  ունենալ մեզ վրա: Հայ-ռուսական հարաբերություններում շատ ոլորտներ վերաիմաստավորման կարիք ունեն, սկսած  ռազմավարական  խնդիրներից,  վերջացրած  մարտավարական  առանձին  հարցերով: Մենք պետք է ընդունենք, որ Ռուսաստանի նման տերությունները ունենում են ամբողջական տարածաշրջանային տեսլականներ, եւ Հայաստանն էլ պետք է միշտ խնդրին նայի հենց այդ տեսանկյունից:     

«Պուտինի  դոկտրինը»  Հարավային Կովկասում

Ռուսաստանը,  հաշվի  առնելով  կովկասյան երեք  երկրների  անցած  ուղին, նրանց  զարգացման  վեկտորների  ուղղությունները,  որդեգրել է,  այսպես  կոչված,  «ասիմետրիկ» դիրքորոշում  այս  երկրների  նկատմամբ:  Համառոտ ներկայացնենք դրանք:

Վրաստանի հանդեպ

Վրաստանը «Վարդերի  հեղափոխությունից»  սկսած  վարում  էր  ընդգծված արեւմտամետ  քաղաքականություն, փորձելով  նվազագույնի հասցնել կախվածությունը Մոսկվայից։  Երբ   2008-ին իրական օրակարգ մտավ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը,  օգտագործելով Սահակաշվիլու չհաշվարկված  քայլերը, Ռուսաստանը ջարդեց  վրացական զինված  ուժերին, եւ  պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի  անկախությունը: Բոլորին պարզ դարձավ, որ առանց իր  տարածքային  խնդիրների կարգավորման Վրաստանը չի կարող հայտնվել ՆԱՏՕ-ում:   Այսօր  Մոսկվայի  քաղաքականությունն է աստիճանաբար վերականգնել  Թբիլիսիի հետ բարիդրացիական հարաբերությունները եւ թույլ  չտալ,  որ Վրաստանը  դառնա  ՆԱՏՕ-ի անդամ:

 Ադրբեջանի  հանդեպ

Ադրբեջանի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը կարելի է բնութագրել այսպես. նվազագույնը՝  թույլ  չտալ,  որ  այդ  երկիրը  գնա  Վրաստանի  ուղով,  առավելագույնը՝ որպեսզի  այդ  երկիրը  դառնա  ՀԱՊԿ ու  ԵԱՏՄ  լիիրավ  անդամ: Վերջին  խնդիրը  դժվար  լուծելի  է, քանի որ  Ադրբեջանը բնական ռեսուրսներով հարուստ է, ունի Արեւելքից  դեպի  Արեւմուտք էներգետիկ  միջանցքի  դերակատարում  եւ ունի Թուրքիայի  նման  ռազմավարական դաշնակից։ Ինչ վերաբերվում  է ՆԱՏՕ-ին  հնարավոր անդամակցությանը, ապա այդ քայլի գլխավոր խոչընդոտը, չլուծված  ղարաբաղյան  խնդիրն  է, եւ դա շատ լավ հասկանում են եւ Բաքվում, եւ Մոսկվայում: Մյուս կողմից, Մոսկվան իր հույսը  չի  կորցնում. տնտեսական, քաղաքական, ռազմական, մշակութային ավելի  սերտ կապեր հաստատելով՝ մոտեցնել Բաքվին այն մտքին, որ վերջինս  պետք է վերջնականապես կողմնորոշվի դեպի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ։

Սակայն դրա դիմաց Բաքուն ակնհայտորեն պահանջում է զիջումներ ղարաբաղյան  հարցում։ Մոսկվայում  հասկանում են, որ այդ քայլով  նրանք կկորցնեն նախ Հայաստանը, իսկ հետո Հայաստանն ու Ադրբեջանը: Ահա թե ինչու Մոսկվայի ու Բաքվի   փոխհարաբերությունները պերմանենտ սպասումների մեջ են, առանց  վերջնաարդյունքի: Բաքվում  հասկանում  են, որ ներկայիս  հաշվեկշռում Մոսկվայի միջոցով իրենց ցանկալի զիջումը չեն կարող ստանալ: Ահա  թե ինչու նրանք այսօր փորձում են այդ հաշվեկշիռը փոխել հօգուտ  իրենց եւ ռազմական ոլորտում, եւ տարածաշրջանային տարատեսակ  նախագծերում: Այդ ուղությամբ նրանք աշխատում են  հետևողականորեն: Բաքուն սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի  ռազմա-արդյունաբերական շրջանակների հետ, ակտիվորեն  համագործակցում  է այդ  երկրի, այսպես  կոչված, «եվրասիական» շրջանակների  հետ (Ստոլիպինյան ակումբ, Կոմկուս և  այլն):

Բացի այդ, Բաքուն ակտիվ տնտեսական ու մշակութային կապեր է հաստատում Ռուսաստանի մահմեդական ու թուրքալեզու մարզերի ու  հանրապետությունների հետ: Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկրների շարքերում փորձում է դաշնակիցներ ձեռք  բերել  ի  դեմս Ղազախստանի, Ղրղզստանի  ու  Բելառուսի, որոնք ոչ միայն ԱՊՀ, աւյլ նաեւ ԵԱՏՄ անդամ են: Ինչ  վերաբերվում  է մեր  տարածաշրջանին, ապա Վրաստանի  հետ  Բաքուն  ունի հարաբերությունների  ավելի բարձր  քաղաքական  մակարդակ,  քան  Հայաստանը: Ադրբեջանը ձգտում է նույն մակարդակին հասցնել հարաբերությունները նաեւ Իրանի հետ:  Միաժամանակ Բաքուն կարողացել  է Հայաստանից ավելի բարձր քաղաքական եւ ռազմատեխնիկական հարաբերություններ  հաստատել Իսրայելի  հետ:

Այս ամենն Ադրբեջանն իրականացնում է մեկ նպատակով՝ փոխել  քաղաքական, տնտեսական, ռազմական եւ դիվանագիտական այն հավասարակշռությունը, որն առկա է այսօր տարածաշրջանում հօգուտ  իրեն, որից  հետո Մոսկվայից  զիջումներ կորզելը Բաքվի համար կարող է դառնալ տեխնիկայի հարց:

Հայաստանի  հանդեպ

Ի  տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Ռուսաստանը Հայաստանի հետ անկախությունից ի վեր ունեցել է սերտ եւ դինամիկ  կապեր, ընդ ուրում,  գրեթե բոլոր բնագավառներում եւ ոլորտներում:

Հայաստանը  համարվում  է Ռուսաստանի  ռազմավարական  դաշնակիցը  տարածաշրջանում: Միջպետական պայմանագրերից, հիմնարար է համարվում  1997-ի հունվարի 29-ին կնքված  համագործակցության եւ համատեղ օգնություն մասին պայմանագիրը, որը կարգավորում է նաեւ ռուսական ռազմաբազայի եւ ռուսական  զորքերի կարգավիճակը Հայաստանում: Այդ  ուժերի  դերն  ու  նշանակությունն էլ ավելի մեծացավ, երբ Վրաստանում փակվեցին ռուսաստանյան ռազմական բազաները, իսկ Ադրբեջանում Գաբալայի  շուրջ Մոսկվան ու Բաքուն ընդհանուր հայտարարի չեկան:

Նորագույն փուլի փաստերը

Հայաստանը ՀԱՊԿ ստեղծման օրվանից՝ 1992 մայիսից այդ  կազմակերպության  անդամ է: 2016-ի նոյեմբերից գործում է հայ-ռուսական միացյալ զորախումբը, ինչը ցույց է տալիս երկու երկրների ռազմական կապերի  խորության աստիճանը: Եւ թեեւ Հայաստանը հայտարարում  է, թե հավասարակշռված արտաքին քաղաքականության  կողմնակից է, Մոսկվայում  շատ լավ հասկանում են, որ այն կրում է ասիմետրիկ բնույթ: 2015-ին ԵԱՏՄ-ի անդամ դառնալուց  հետո միայն Հայաստանը ստորագրեց համաձայնագիրը ԵՄ-ի հետ, քանի որ չէր   ցանկանում կրկնել Վրաստանի եւ Ուկրաինայի ճանապարհը՝ դառնալ Արեւմուտք-Արեւելք հակամարտության գոտի, ինչը միանշանակ ճիշտ  որոշում  էր: Վերջին տարիներին Հայաստանն ինտենսիվացրել է իր կապերը Ռուսաստանի հետ՝ հատկապես ռազմական եւ ռազմաարդյունաբերական ոլորտներում, ինչը անկհայտ ճիշտ  որոշում է եւ ուղղված է երկրի անվտանգության բարձրացմանը։

2015թ. կնքվեց հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանից ներքին գներով կարողանում է ձեռք բերել ժամանակակից զինատեսակներ՝ հավասարակշռելով ռազմական հարաբերակցությունն Ադրբեջանի հետ։

Տնտեսության  մեջ՝ Ռուսաստանի փաստացի վերահսկողության տակ են գտնվում մի շարք ռազմավարական ոլորտներ՝ էներգետիկա, երկաթգիծ, հեռահաղորդակցություն: Այսպիսով, Հայստանը դարձել է Ռուսաստանի անգնահատելի հենարանը տարածաշրջանում: Սակայն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ մեծացող դիսբալանսը սկսել է մտահոգել նաեւ  Մոսկվային: Բանաձևն այսպիսին է՝ աջակցելով Հայաստանին, նա չի  ուզում  փչացնել հարաբերությունները Բաքվի հետ: Եթե Ադրբեջանը ընթանա Վրաստանի ճանապարհով, ապա դա լրջորեն  կվտանգի  Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում: Մոսկվան չի ցանկանում փոխել ներկայիս հարաբերությունների հավասարակշռությունը Երեւանի ու Բաքվի հետ: Ահա թե ինչու Մոսկվան անհանգստացած է  Բաքվի տնտեսական, ռազմական եւ քաղաքական հզորացումով: Սակայն այս հարցը պետք է լուծի Երեւանը, առանց Մոսկվայից աջակցություն  խնդրելու:

Ապրիլյան իշխանության ռուսական քաղաքականությունը

Մոսկվան կարող է ապահովել Թուրքիայից ու Նախիջեւանից եկող  վտանգների չեզոքացումը: Ղարաբաղյան ճակատում նա այդպիսի  հնարավորություն  չունի: Մենք սա պետք է միշտ հիշենք։

Եթե  հայ  հասարակության մի մասը դժգոհ է Մոսկվայի այսպիսի  դիրքորոշումից , ապա Ռուսաստանի քաղաքական եւ հասարակական  մի զգալի հատվածի մոտ էլ առկա է այն տեսակետը, թե Մոսկվան  չափազանց շատ բան է զոհում Հայաստանի համար, չստանալով համարժեք հատուցում: Մենք սա էլ պետք է միշտ հիշենք։ Այդ տեսակետը հատկապես շատ է տարածված Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտում, որտեղ Բաքվից ստանում են վաճառված զինամթերքների համար լիարժեք փող, իսկ Հայաստանից՝ «գրեթե ոչինչ», ինչպես նաեւ, այսպես  կոչված, եվրասիական շրջանակներում, որոնց համար  Արեւմուտքի հետ հակադրվելու ընթացքում արժեքավոր են Թուրքիայի հետ բարիդրացիական  հարաբերությունները: Իսկ Ռուսաստան-Արեւմուտք խորացող հակամարտությունը շահեկան չէ Հայաստանի համար, եւ ճիշտ հակառակը, խիստ շահեկան է Ադրբեջանի համար, որի  արդյունքում ուժեղանում են իրենց դիրքերը Ռուսաստանում:

Այն, որ Պուտինը մարտի 18-ի ընտրություններում կրկին կվերնտրվի նախագահի պաշտոնում գրեթե որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Այն, որ Սերժ Սարգսյանը ապրիլին կդառնա ՀՀ վարչապետ՝ նույնպես։  Այլ հարց է, թե ինչպիսին կլինի Պուտինի լեգիտիմության աստիճանն այդ ընտրություններից հետո: Ռուսաստանը մեծ պետություն է՝ անկանխատեսելի զարգուցումների պաշարով։ Թե ինչպես եւ ինչ  աստիճանով այս ամենը կարող է ազդել Հայաստանի վրա այսօր դժվար է կանխատեսել, բայց մենք դրան պետք է պատրաստ լինենք: Հայաստանը պետք է նախաձեռնողական լինի տարբեր ուղղություններով։  Հայ-ռուսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ և  հաջողության բանաձևը աշխատելն է։ Մենք Ռուսաստանի հետ պետք է աշխատենք՝ բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում և անընդհատ։ 

– ռազմաարդյունաբերական շրջանակների հետ հարաբերությունները պետք է նոր  աստիճանի հասցնել

– քաղաքական կապերը պետք է դարձնել բազմաբնույթ (ոչ միայն իշխող ուժի հետ, այլ Ժիրինովսկու, Յավլինսկու, Սոբչակի կողմնակիցների, ազգայնականների եւ նույնիսկ կոմկուսի՝ ամբողջ քաղաքական դաշտում կողմնակիցներ ունենալու համար: Մեծ երկրներում այդպես է ձեւավորվում բարիդրացիական մթնոլորտ։

– Էականորեն ռեստարտ տալ  Ռուսաստանի մշակութային էլիտայի եւ մշակութային հանրության հետ կապերը։  

– լրատվամիջոցները հանդիսանում են լրջագույն գործոն, մենք այսօր որոշ անհատների շնորհիվ ունենք լավ դիրքեր, բայց սա դինամիկ ոլորտ է, եւ այն պետք է ամրապնդել մի շարք հետաքրքիր նոր նախագծերով եւ քայլերով։

– վերլուծաբանների, քաղաքագետների, քաղաքական եւ հասարակական թեմաներով հեռուստամեկնաբանների հետ սերտ աշխատելը չափազանց   կարեւոր ուղղություն է։ Մեծ տերություններում այդպես է ձեւավորվում  անհրաժեշտ դրական մթնոլորտը։

– երիտասարդության, շոու-բիզնեսի շրջանակների հետ  ճիշտ աշխատանքը նույպես ոչ պակաս կարեւոր է, քանի որ այստեղ է ձեւավորվելու «ապագա» Ռուսաստանի վերաբերմունքը մեր հանդեպ:

Սրանք են այն հիմնական ուղությունները, որոնց վրա մենք  անհրաժեշտ ենք համարում ուշադրություն դարձնել հայ-ռուսական հարաբերություններում: Եվ սա է  հայ-ռուսական հարաբերությունների կազմակերպման այն  տեխնոլորգիան, որի մասին հիշատակեցինք սկզում։

Ամփոփում

100 տարվա հետևությունների պահանջը հայ-ռուսական հարաբերություններում օրակարգային է։ Այդ պատճառով այս նախագիծը սկսում ենք հենց այս թեմայից։ Չկրկնել հին սխալները, թույլ չտալ վտանգավոր սցենարներ։ Դրա գինը պետականությունն է։ Մենք Ռուսաստանի հետ պետք է կառուցենք նոր տիպի, դինամիկ, ժամանակակից հարաբերություններ։ Բոլոր ռեսուրսները եւ հնարավորությունները կան, մնում է կամքը,  մնում է աշխատելը։

 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ