Սյունիքի մարզպետը ՝ Գորիսի համալսարանի խորհրդի նախագահ /ֆոտո, վիդեո/
Այսօր՝ հունվարի 16-ին Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ ընտրվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Խորհրդի 24 անդամները միաձայն քվեարկեցին նրա օգտին:
Հիշեցնենք, որ խորհրդի նախկին նախագահը Սուրիկ Խաչատրյանն էր:
Ընտրվելուց հետո Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ ասաց, որ նման խորհրդում աշխատելու փորձ ունի: Նա Երեւանի տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ է եղել եւ տեղյակ է ոլորտի հիմանախնդիրներին:
“Գորիսի պետական համալսարանը տարածաշրջանային բուհ լինելով ունի իր առանձնահատկությունները, դրանցից մեկն էլ մրցակցությանը դիմանալու կարողությունն է: Միայն որակյալ, տարածաշրջանի աշխատաշուկայում մրցունակ կադրեր պատրաստելով կարելի է քայլել ժամանակին համընթաց:
Այսօր մեր իշխանությունը մարզպետի առջեւ խնդիր է դնում տարածքային համաչափ զարգացման ծրագրերի շրջանակներում իրականացնել ռեգիոնալ ծրագրեր, դիվերսիֆիկացնել տնտեսությունը ու այս ամբողջական շղթայի կարեւորագույն բաղադրիչն էլ կրթական համակարգն է՝ միջին մասնագիտական,բարձրագույն ուսումնական հաստատություններով”-մասնավորապես ասաց Վահե Հակոբյանը:
Ըստ նրա կրթության եւ գիտության նախարարության հետ համագորածկցությունը պետք է սերտ լինի եւ կառուցողական: Չնայած մարզի բուհերը այսօր կայացման, հաստատման որոշակի փուլ են անցել, բայց Սյունիքի մարզպետի կարծիքով, դեռ անելիքներ շատ կան: Անհրաժեշտ է գիտության եւ տնտեսության կապն ամրապնդել, ստեղծել զարգացման նոր հնարավորություններ:
“Կարծում եմ, արդյունավետ ենք աշխատելու, մեր առջեւ դրված խնդիրները հստակ են,, ժամանակի մարտահրավերներն ընկալելի, կփորձենք միասնական թիմով առաջ քայլել:
Հուսով եմ, որ դուք ձեր նոր մտածելակերպով, ժամանակի պահանջներով, մոտեցումներով նոր որակներ կապահովեք խորհրդի աշխատանքում: Որակյալ կադրեր ունենալը ժամանակի հրամայականն է: Մենք միասին հանձն ենք առել այդ գործն ու համոզված եմ, որ այն պիտի պատվախնդորեն կատարենք”,-ասաց նա: