27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայաստանը ՏՏ ոլորտում աճի մեծ պոտենցիալ ունի».նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հարցազրույցը անգլիական emerging-europe.com-ին:

Անգլիական emerging-europe.com-ը փետրվարի 8-ին անդրադարձել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը` «Armenia Makes Global ICT Push» խորագրով ծավալուն հոդվածի ներքո։ Հղում անելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` փետրվարին Ալմաթիում անցկացված «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովում հնչեցրած ելույթին, հեղինակը նշում է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտը 25 տոկոսանոց աճ է գրանցել։

Այնուհետև ներկայացվում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հարցազրույցից որոշ ուշագրավ հատվածներ։

Նախարարը պարբերականի հետ զրույցում նշել է, որ ոլորտի զարգացման ներկա միտումները իսկապես շատ տպավորիչ են, և կառավարությունը պատրաստ է աջակցել այդ թրենդի շարունակությանը։ Վահան Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանը աճի մեծ պոտենցիալ ունի, և ներկայում մենք պետք է աշխատենք բարձրարժեք տեխնոլոգիական լուծումների վրա. այդպես է հնարավոր հավելյալ արժեք ստեղծել։

«Որպես արդյունք` մեր նպատակը պիտի լինի բարձրացնել արդյունավետությունը և մատակարարել հաճախորդներին թիրախավորված լուծումներ. սա առաջիկա տարիների համար պիտի լինի մեր հիմնական ռազմավարությունը։ Դա այնքան էլ հեշտ չէ` հաշվի առնելով, որ ՏՏ շրջանառության 70 տոկոսը գոյանում է գլոբալ շուկային ծառայություններ մատուցելու արդյունքում, ինչն էլ նշանակում է, որ մակրոտնտեսական գործոնները շատ կարևոր են հայաստանյան ՏՏ ոլորտի համար»,- ասել է նախարարը։

Հոդվածում նաև նշվում է, որ 2010- 2016 թթ-ի ընթացքում ՏՏ ոլորտի շրջանառությունն աճել է 5 անգամ և հասել 510 միլիոն ԱՄՆ դոլարի։ Միաժամանակ, ՏՏ ընկերությունների թիվը նույն ժամանակահատվածի ընթացքում աճել է 3 անգամ։

«Երկրում, որտեղ ապրում է 2.9 միլիոն մարդ, կա 60 համալսարան, որից 15-ի տեխնոլոգիական ֆակուլտետներն ու բաժինները բավական ուժեղ են։ 2014-2015 ակադեմիական տարում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական մասնագիտացումներով 10.000 ուսանող է եղել, որը ընդհանուր ուսանողների թվի 11.7 տոկոսն է»,- նշվում է հոդվածում։

«Մենք գլոբալ հասարակության մաս ենք կազմում և գլոբալ փոփոխություններն անդրադառնում են մեզ վրա նույն ձևով, ինչպես մյուսների»,- իր խոսքում նշել է Վահան Մարտիրոսյանը։

«Միջինում յուրաքանչյուր ազգում 6-8 տոկոսն են տեխնիկական մտածողությամբ ու ունակություններով ծնվում, մենք պիտի կարողանանք օգտագործել այդ պոտենցիալն ամբողջությամբ։ Պիտի կարողանանք մեր կրթության որակը դարձնել ավելի լավը, քան երբևէ, որովհետև միայն կրթված մարդիկ են կարող խթանել հավակնոտ նախագծերն ու ծրագրերը։ Պիտի կարողանանք օգտագործել հայկական սփյուռքի պոտենցիալը»,- ասել է նախարարը։

«Հիմնական ծրագրերից մեկն արդեն իրականություն է դարձել. մենք ունենք «Արմաթ» ռոբոտաշինության և ճարտարագիտության լաբորատորիաները, որոնք արագ աճում են հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում։ Ավագ դպրոցներում և տեխնիկական քոլեջներում միկրոէլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն է ուսուցանվում, առաջատար հեռահաղորդակցական ընկերությունների աջակցությամբ մենք ստեղծել ենք գերազանցության կենտրոններ, որոնք շարունակում են Պոլիտեխնիկական համալսարանի 100 տարվա ավանդույթները, ինֆորմատիկա է դասավանդվում հայաստանյան բոլոր դպրոցներում։ Այս ամենը կա, սակայն դեռ շատ անելիքներ ունենք»,- նշել է նախարարը։

Վահան Մարտիրոսյանը համոզված է, որ ՏՏ ոլորտում չկան սահմանափակումներ և կարծրատիպեր, այստեղ միջսահմանային համագործակցությունն ավելի հեշտ է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ