Ես հանցագործ չեմ ու չեմ պաշտպանվում. Սամվել Բաբայանը հայտարարեց
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 2-ին շարունակվում է Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
Ավելի վաղ նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշել էր, որ Վերաքննիչ բողոքով պահանջել է Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով էլ եւ կայացնել արդարացման դատավճիռ:
Նախորդ դատական նիստին Սամվել Բաբայանին շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը չէր հասցրել ամբողջությամբ ներկայացնել վերեքննիչ բողոքը:
Այսօր նա շարունակեց կիսատ թողածը և անդրադարձավ իր պաշտպանյալին ներկայացված երկու մեղադրանքներին:
Քալաշյանը նշեց, որ Սամվել Բաբայանի անմեղությունը հաստատվում է ներկայացված ձայնագրություններվ:
Անդրադառնալով փողերի լվացման դրվագին Քալաշյանը նշեց.
«Ինտերպոլի տրամադրած տվյալների համաձայն նշված թղթադրամները հանված են պաշտպանիչ ներկանյութեր պարունակող բանկոմատից: Այդ թղթադրամները եղել են Եվրոպոլի պահոցում և ստուգումների արդյունքում որևէ համընկնում չի գրանցվել: Սամվել Բաբայանը հենց սկզբից հայտնել է , որ իր ծանոթ Վասիլին Մոսկվայում իրեն պարտք է եղել: Նա առաջարկել է հինգ հազար եվրո վերադարձնել պարտքից, սակայն ասել է , որ դրանք ներկոտված են: Վասիլին մի քանի թղթադրամ է ուղարկել, որը Բաբայանի իր ծանոթ Կարենի միջոցով ուղարկել է բանկ պարզելու, թե դա իսկական թղթադրամ է, թե ոչ: Երբ պարզվել է, որ թղթադրամները իրական են նա Վասիլիին ասել է, որ ուղարկի գումարը: Ներկոտած թղթադրամները փոխանակելու դեպքում բանկերը կարող էին մինչև տաս տոկոս պահում անել, այդ պատճառով էլ նա դիմել է մարդու, ով քիմիական միջոցներով կարող էր մաքրել թղթադրամները: Բաբայանը տվել է Վասիլիի, Տիգրան Մնացականյանի անունները, որոնք այդպես էլ չեն հարցաքննվել: ըստ Թղթադրամների ներկոտված լինելու երեք վարկած կա ըստ ինտերպոլի, որից միայն մեկն է ներկայացրել պետական մեղադրողը»,-նշեց Ավետիս Քալաշյանը:
Սամվել Բաբայանն էլ հայտարարեց, որ ինքը չի պաշտպանվելու, քանի որ հանցագործ չի:
Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին:
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
Անդրանիկ եւ Կարեն Քոչարյանին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին դատարանը մեղադրանք էր առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ այդմ, Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը չկիրառվեց. Դատարանը սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով: