26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվին, ով Հայաստան այցի շրջանակում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրմանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել գիտության ոլորտում միջազգային  հեղինակավոր կառույցի հետ դեռևս 1994 թվականից մեկնարկած համագործակցությունը: Նա ընդգծել է, որ ՄԳՏԿ հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի ծավալած գործունեությունը մեծապես նպաստել է հայ գիտնականների և  հետազոտական խմբերի ակտիվ մասնակցությանը ՄԳՏԿ մի շարք ծրագրերի: Լևոն Մկրտչյանը կարևորել է ՄԳՏԿ աջակցությունը գիտության և տեխնոլոգիաների ամենատարբեր, հատկապես քիմիայի, նյութաբանության, ֆիզիկայի, ճարտարագիտության, կենսատեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Նախարարը համոզմունք է հայտնել, որ համաձայնագրի վերաստորագրումը կնպաստի Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ համագործակցության ընդլայնմանը ու շարունակականության ապահովմանը:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ՄԳՏԿ-ի գործադիր տնօրենը բարձր է գնահատել մեր երկրի գիտական ներուժը՝ ընդգծելով, որ դեռևս խորհրդային տարիներից Հայաստանի հատկապես հիմնարար գիտությունների նվաճումները հայտնի էին ոչ միայն Խորհրդային Միության, այլ նաև միջազգային հարթակներում: Նա նշել է, որ Հայաստանի կողմից ՄԳՏԿ կառավարիչների խորհրդին ներկայացված  նախագծերն  արժանանում են բարձր գնահատականի՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը՝ որպես գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային առաջատարներից մեկի:

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի նպատակն ազգային և համաշխարհային տեխնոլոգիական խնդիրների լուծմանը, կոնվերսիոն ծրագրերի, հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացմանն աջակցելն է, ԱՊՀ երկրներում գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, այդ երկրների գիտնականների միջազգային գիտական հանրության ինտեգրվելուն նպաստելը:   Մինչ օրս ՄԳՏԿ կողմից ֆինանսավորվել են Հայաստանից ներկայացված շուրջ 175 նախագծեր:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, տեղակալ Վարդան Սահակյանը և ՄԳՏԿ հայկական տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Համլետ Նավասարդյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հայաստանի և ՄԳՏԿ-ի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված  աշխատանքային այլ հարցեր:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ