Աշխարհը եւ Ամանորը շարքից. Իտալիա
Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 1-ին։ Իտալացի բոլոր երեխաներն անհամբերությամբ սպասում են բարի Փերի Բեֆանային։ Նա գիշերով թռչում գալիս է՝ կախարդական ավելին նստած, բացում դռները փոքրիկ ոսկե բանալիով եւ, մտնելով երեխաների ննջարանները, նվերները լցնում է բուխարու մոտ հատուկ կախած մանկական գուլպաները։ Նրանց, ովքեր վատ են սովորել կամ չարաճճիություն արել, Բեֆանան թողնում է մի պտղունց մոխիր կամ ածխի կտոր։ Վիրավորական է, բայց դե ինքդ ես արժանացել դրան։ Իսկ իտալական Ձմեռ պապը Բաբբո Նատալեն է։
Իտալիայում համարվում է, որ Նոր տարին պետք է սկսել ամեն տեսակի հնոտիքից ազատվելով։ Ուստիեւ ամանորյա գիշերն ընդունված է պատուհաններից դուրս նետել հին իրերը։ Պետք է զգույշ լինել, եթե ուզում ես, որ գլխիդ արդուկ կամ ծղոտե աթոռ չընկնի։ Եւ ինչպես վայել է հարավցիներին, արվում է դա մեծ եռանդով, թափով։ Համարվում է, որ ազատված տեղը անպայման կզբաղեցնեն նոր իրեր։
Իտալացիների ամանորյա սեղանին անպայման մատուցվում է ընկույզ, ոսպ եւ խաղող՝ երկարակեցության, առողջության ու բարօրության խորհրդանիշերը։ Իտալական գավառներում հնուց ի վեր գոյություն ունի հետեւյալ ավանդույթը. հունվարի 1-ի վաղ առավոտյան անհրաժեշտ է աղբյուրից “նոր ջուր” բերել տուն։
Իտալացիներն ասում են, որ եթե ընկերներին նվիրելու ոչինչ չունես, ապա “նոր ջուր” նվիրիր՝ ձիթենու ճյուղով։ Համարվում է, որ “նոր ջուրը” երջանկություն է բերում։
Իտալացիները կարեւորում են նաեւ, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարուն։ Եթե հունվարի 1-ին իտալացուն հանդիպած առաջին անցորդը քահանա կամ հոգեւորական լինի, դա վատ է։ Անցանկալի է նաեւ հանդիպել փոքր երեխայի, իսկ համակրելի պապիկ տեսնելը լավ է։ Է՛լ ավելի լավ է, եթե նա կուզիկ է… Այդ դեպքում Նոր տարին հաստատ երջանիկ կլինի։