Գործողությունը ցանկացած պահի կարող է սկսվել. Էրդողանը՝ Աֆրին ներխուժելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը ցանկացած պահի կարող են ներխուժել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող, սահամանամերձ Աֆրին շրջան:
Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» զինված ուժերին՝ YPG-ին:
«Թուրքիայի զինված ուժերը ամենակարճ ժամանակահատվածում Աֆրինի և Մանբիչի հարցը լուծելու են: Գործողությունը ցանկացած պահի կարող է սկսվել: Այնուհետև այլ շրջանների հերթն է գալու: Գործողությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ոչ մի ահաբեկիչ չմնա»,-ըստ թուրքական «TRThaber» լրատվամիջոցի՝ ասել է Էրդողանը:
Ըստ նրա՝ Թուրքիայի համար անընդունելի է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ օգտագործում են Սիրիայի քրդերին, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկչական: Էրդողանը ասել է, որ իրենք չեն կարող հանդուրժել, որ մի ահաբեկչական կազմակերպությանը օգտագործվում է մեկ ուրիշի դեմ:
Անդրադառնալով այն տեղեկությանը, թե ԱՄՆ-ն պատրաստվում է քրդական նոր զորախումբ ստեղծել՝ «Հյուսիսային բանակ» անվամբ, Էրդողանը նշել է, որ դա իրենց կողմից կորակվի որպես «դավաճանական քայլ»:
«Մեր կոչը մեր դաշնակիցներին , բարեկամներին հետևյալն է. մի կանգնեք մեր ճանապարհին ահաբեկիչների և մարդասպանների հետ պայքարում: Հակառակ դեպքում մենք պատասխանատու չենք հնարավոր հետևանքների համար: Թող նրանք պոկեն իրենց համազգեստներից ահաբեկչական կազմակերպությունների զինանշանը, այլապես մենք ստիպված կլինենք նրանց էլ թաղել ահաբեկիչների հետ միասին»:
Հիշեցնենք, որ մի քանի անգամ ամերիկացի զինվորները իրենց համազգեստի վրա փակցրել էին YPG-ի զինանշանը, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել Թուրքիայում: