Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում չվերթ իրականացվելու է օդի ազատության 5-րդ իրավունքի օգտագործմամբ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վաղը՝ ժամը 13։00-ին թուրքմենական ավիաուղիներն առաջին չվերթը կիրականացնեն Աշգաբատ-Երևան։
«Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում չվերթ իրականացվելու է այսպես կոչված օդի ազատության հինգերորդ իրավունքի օգտագործմամբ, մասնավորապես՝ չվերթը շարունակվելու է դեպի Ֆրանկֆուրտ, փաստորեն՝ չվերթը լինելու է Աշգաբատ-Երևան, Երևան-Ֆրանկֆուրտ, այնուհետև Ֆրանկֆուրտ-Երևան, Երևան-Աշգաբատ։ Շաբաթական դեռևս մեկ անգամ։ Եթե չվերթը լինի պահանջված ուղևորների կողմից, կարծում եմ, հնարավորություն կա նաև չվերթների ավելացման», – ասաց վարչության պետը։
Նա նշեց, որ ներկայումս օրական 30-35 կանոնավոր չվերթներ են իրականացվում 28 ավիաընկերությունների կողմից, 2017-ին նաև թռիչքների աշխարհագրությունն է ավելացել: «Ուշադրության կենտրոնում ենք պահում մատուցվող ծառայությունների որակը: Առաջիկայում ստեղծվելու է մասնագիտակցված ստորաբաժանում, որն զբաղվելու է շարժունակության խնդիրներ ունեցող ուղևորներին ծառայություններ մատուցելով»,-հավելեց նա: