Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում. Ավստրիայի վարչապետ
Ավստրիայի նորընտիր վարչապետ Սեբաստիան Քուրցը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման խնդրին:
Թուրքական «haber7.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ գերմանական «Bild» թերթի հետ զրույցում Քուրցը վերահաստատել է Թուրքիայի հարցում ավելի վաղ իր արտահայտած դիրքորոշումը. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»:
Անդրադառնալով նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր եվրոպական երկիր պետք է որոշակի քանակությամբ փախստականներ ընդունի, Քուրցը նշել է, որ ԵՄ երկրները իրենք պետք է որոշեն, թե որքան գաղթականի են ուզում ապաստան տալ:
Հավելենք, որ օրեր առաջ Ավստրիայի վարչապետի պաշտոնում ընտրված 31-ամյա Սեբաստիան Քուրցը Եվրոպայի ամենաերիտասարդ վարչապետն է: Նա հայտնի է Թուրքիայի եվրաինտեգրման հարցում իր բացասական դիրքորոշմամբ, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է նաև Ավստրիայի արտգործնախարարի պաշտոնում եղած ժամանակ: