23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Առավոտյան դագաղը վերցրին, որ տանեն թաղելու. – կենդանի՜ եմ, սպասեցե՛ք…

ՏԱՍՆՈՒԹ ՕՐՈՒՄ՝ ՏԱՍՆՈՒԹ ԿՅԱՆՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ երկրաշարժից առաջ Վարդանը Մոսկվայում, մտավորական շրջաններում Արցախյան հարցի բացատրական աշխատանքով էր զբաղված։ Եվ երբ մեծ աղետն եղավ, Մոսկվայից Երեւան գալով՝ տուն էլ չմտավ, ամիջապես գնաց Լենինական։ Մոսկովյան մի շարք թերթեր գրեցին Վարդանի Լենինականյան օրերի մասին։ Տասնութ օրում Վարդանը փլատակներից հանեց տասնութ մարդ։ Տասնութ հոգի վերստին կյանք ստացան, որոնցից մեկը հղի կին էր, որ ուր որ է՝ ծննդաբերելու էր։ Ուղարկեցին Վանաձորի ծննդատուն։

Տուն գալով մորը պատմում էր սարսռելի բաներ, որ որոնման աշխատանքների ժամանակ էին կատարվել։ Առավել շատ նրան ազդել էր, երբ փլհատակները քանդելիս՝ Նոր տարվա պատրաստություն տեսած ուտելիքներ, միրգ ու աղանդեղեն էր թափվում։ Մարդիկ միամտորեն պատրաստվում էին տոնի, չիմանալով, որ առջեւում մահացու աղետն է սպասվում։ 

Մի գիշեր շատ հոգնած էր, մի քիչ հանգստանամ, ասաց։ Քնելու տեղ չկար, մտավ մի դագաղի մեջ, կափարիչը ծածկեց, որ տաք լինի ու քնեց։ Առավոտյան դագաղը վերցրին, որ տանեն թաղելու. ներսից ձայն տվեց.

– Կենդանի՜ եմ, սպասեցե՛ք…

Մարդիկ ասես վայրենացել էին։ Հոգեւոր որեւէ երեւույթ, մշակույթ, գիրք՝ արդեն օտար էր դարձել նրանց։ Ահա մի տեղ խարույկ էին արել, գրքեր էլ էին վառում։ Նկատեց հայկական ճարտարապետական մի հի՜ն, արժեքավոր գիրք։ Նման բանը չէր կարելի տաքանալու համար կրակին տալ։ Գուրգուրանքով վերցրեց, շոյեց գիրքը, ապա դրեց մոտիկ ծառի ճյուղերի արանքում եւ գնաց իր գործին։ Երբ ետ դարձավ, որ մի փոքր հանգիստ առնի, գիրքը կրկին խարույկի կողքին՝ ցեխի մեջ ընկած էր։ Այս անտարբերացած մարդկանց համար վառելանյութ էր միայն։ Վերցրեց, սրբեց, կրկին դրեց ծառին եւ հաջորդ դարձին, երբ կրկին եկավ մի փոքր հանգստանալու՝ գիրքն արդեն …վառել էին։

Վշտացել էր, դառնացել՝ չկարողացավ արժեքավոր գիրքը փրկել։ Երբ մայրը ցույց տվեց այն թերթերը, որ պատմում էին Լենինականում Վարդանի կատարած որոնման աշխատանքների մասին եւ պատվոգրերը, որ նրա մորն էին հանձնել, ասաց. Մա՛մ, խնդրում եմ, ո՛չ մեկին ցույց չտաս, ամո՛թ է։ Թող որ պարծանք չհամարեն այն ինչ իմ պարտավորությունն է եղել։ 

Ոչ ճիշտ եղած գովեստների վտանգը նկատի ունենալով՝ Հիսուս առաքյալներին աշխարհ ուղարկելիս, գործ անելու մեծ գովեստների վտանգին՝ պատվիրեց այսպես դիմագրավել. «Պատասխանեցեք այսպես. Ծառաներ ենք Աստծո, ինչ որ արեցինք՝ պարտավոր էինք անել»։ 

Եթե այդպես է, հապա ինչու՞ ենք մենք եւս Վարդանի արժանավոր գործերի մասին գրում, հիշատակում։ Այդ էլ՝ մե՛ր պարտավորությունն է։

Բանն այն է, որ Վարդանի եւ մյուս արժանավոր մարդկանց բարի գործերի վկայությունները սերունդներ են դաստիարակում։ Նման գրքեր կարդալով, կինոնկարներ դիտելով՝ մենք զարգացնում ենք արժանավոր մեր շնորհները, ոգեւորվում մարդասիրության հատկանիշներով, եւ այդպես սկսում ենք մերժել շրջապատի անհոգի բացասումները, որպեսզի շնորհներով աճենք ու քաջալերվենք բարի բաներում։ Հին իմաստությունն ասում է.

«Մարդը հակված է առավել օրինակների հետեւորդել, քան ճշմարտությանը»։ Ուստի իմաստուն եւ բարի է մարդկանց ներկայացնել այնպիսի վկայության օրինակներ, որ ճշմարտությունից են եւ բարին են քաջալերում մեր մեջ։

Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ