Ադրբեջանական դիպուկահարի կողմից զինվորի սպանության դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
Դեկտեմբերի 15-ին Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակից զոհված Հրանտ Պողոսյանի զոհվելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Այս մասին Henaran.am-ին փոխանցեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով /սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/:
Սույն թվականի նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ամբողջ այս ընթացքում հայկական կողմից չի արձակվել ոչ մի կրակոց:
Սույն թվականի դեկտեմբերի 14-ի միջադեպը, որի ժամանակ հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը, հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես` Համանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ:
Այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Տեղեկացնում են ՊՆ-ից: