Գոտիները ձգող, սոցիալական լարվածությունը մեղմացնող բյուջե է
Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ բյուջեի նախնական տարբերակի շուրջ իրենց տեսակետը հայտնել են: «Ասել ենք, որ դիտարկում ենք բյուջեն իբրև տնտեսական զարգացման հիմքեր ստեղծող, որոշ չափով գոտիները ձգող և հետագա զարգացումներին պատրաստվող: Կա վստահություն կառավարության բարեփոխումների հանդեպ: Լիահույս ենք, որ նույնիսկ այս տարվա նախատեսված տնտեսական ցուցանիշներն ավելին կլինեն և հնարավորություն կտան եկող տարի իսկապես այնպիսի հիմքեր ստեղծելու, որոնք կդառնան նաև սոցիալական լարվածությունը մեղմելու, սոցիալական լուրջ ծրագրեր իրականցնելու և ընդհանրապես, երկիրը որակական նոր մակարդակի բերելու հնարավորություն»,- իր ելույթում ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ գիտակցելով բյուջեի լարվածությունը, ծանրաբեռնավածությունը, առկա խնդիրները՝ ՀՅԴ-ն շատ սահմանափակ առաջարկություններ է ներկայացրել: «Այս ընթացքում քննարկել ենք կառավարության հետ ինչի մասին նախարարն իր խոսքում ասաց: Վստահ ենք` այն առաջարկությունները, որոնք հրատապ են, որոնք վերաբերում են առաջն հերթին սահմանամերձ շրջաններին, գոնե 50%-ը 2018 թվականի բյուջեով կամ բյուջեից դուրս հնարավոր է լինելու իրականացնել, այնպես որ մեր վստահությունը շարունակվում է, և մենք ակնկալում ենք ավելի արդյունավետ փոփոխություններ»,- եզրափակեց նա: