«Իշխանությանը հարկավոր է՝ ՀՀ քաղաքացին 10 հազար դրամին կակա ասի»
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ 2018 թվականը լինելու է թանկացումների տարի, ինչն ընդունում է նաև Կառավարությունը: Այս մասին նա խոսեց այսօր խորհրդարանում 2018 թվականի ՀՀ բյուջեի նախագծի վերջնական քննարկման ժամանակ: «2018 թ-ին սպասվում է օղու, ծխածոտի, բենզինի, հավի մասի, ձկան, շաքարավազի, ատամի մածուկի և այլ ապրանքների թանկացումներ: Կառավարությունն այս իրավիճակի նկատմմաբ խորը արհամարհանք է ցուցաբերում»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր՝ չխոսենք ճգնաժամի մասին, որ ճգնաժամը չգա: «Հիմա Կառավարությունը չի խոսում թանկացումների մասին, որպեսզի թանկացումները չգան: Սա պլատոնական արհամարհանք չէ, այլ շատ կոնկրետ»,-նկատեց նա:
Փաշինյանի խոսքով՝ սա անընդունելի մոտեցում է, բայց նա հորդորեց ծուռ նստել, ուղիղ խոսել: «Եթե նայում ենք այս Կառավարության, իշխանության ծագումնաբանությունը, սա շատ տրամաբանական վիճակ է: ՀՀԿ-ն 700 քանի հազար ձայն է ստացել վերջին ընտրություններին, ու մեծամասնությունն ստացել է ընտրակաշառքով: Հիմա որևէ մեկը կարո՞ղ է բացատրել ինձ, որ ինչու պիտի այս իշխանությունները պիտի շահագրգռված լինեն, որ բնակչությունն ավելի լավ ապրի, աղքատությունը վերանա, չպիտի ուզենա այս խորհրդարանական մեծամասնությունը: Որովհետև եթե մարդը լավ ապրի, 10 հազար դրամն իր համար մեծ գումար չի լինելու, որպեսզի վերցնի ու նրա թեկնածուների օգտին քվեարկի: Մի քիչ էլ վատացել է ու սենց մնալու է:
Այս ամենը միակ պայմանն է, որ այս կուսակցությունը շարունակի իշխել: Այս իշխանությանը հարկավոր է, որ ՀՀ քաղաքացին 10 հազար դրամին կակա ասի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այս ամենն աբսուրդ է: «Ես չեմ հասկանում՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին մեր քաղաքացիները չե՞ն հանդիպում: Այ ցավդ տանեմ, մեզ բռնում են, ասում՝ ինչու թաշակները չեք բարձրացնում, էս երկիրը խի երկիր նչեք սարքում: ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, չենք անում մի պարզ պատճառով, որովհետև դուք 10 հազար դրամը վերցրել եք ու քվեարկել եք հանուն աղքատության, կներեք՝ գուցե քաղաքական գործչի համար ճիշտ չի նման բան ասելը, սա ձեր ընտրության արդյունքն է, վայելեք, դուք լավ չեք ապրելու: Էս երկրում որևէ բան չի փոխվի, քանի դեռ դուք վերցնում եք այդ գումարներն ու քվեարկում այդպես: Դուք շարունակելու եք մնալ այն իրականության մեջ, ինչպիսին կա այսօր»:
Ամփոփելով Փաշինյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին: