Պետական դավաճանություն է. Լարված իրավիճակ «Սասնա ծռեր»-ի դատին
Շենգավիթ վարչական շրջանի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ ընթացող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը այսօր թեժ ընթացք է ստացել:
Ամբաստանյալները բոյկոտում են դատավարությունը և չեն ցանկանում մասնակցել նիստին:
Արդեն հայտնել ենք, որ այսօրվա նիստին հրապարակվում էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, երբ Մարտիրոս Հակոբյանը(Դեդ) նշեց, որ չի ցանկանում լսել ենիչերիներին:
Ընմիջումից հետո ամբաստանյալ Վարդան Գերավետյանը խնդրեց իր ընկերներին ոտքի կանգնել, որից հետո հանդես եկավ հայտարարությամբ. «Այստեղ կա միայն մեկ դատավոր եւ դա մեր հայ ժողովուրդն ա, որը գտնվում է դրսում: Ձեր եզրակացությունները դուք կկարդաք ինքներդ ձեր համար, մենք չունենք լսելու այդ եզրակացությունը, որովհետեւ կատարավում է պետական դավաճանություն: Դուք պետք է դրդապատճառներ տեսնեք՝ այն մարդիկ, ովքեր կատարում են պետական դավաճանություն, ոչինչ չեք անում։ Դուք պարտավոր եք նախ եւ առաջ լինել ՀՀ քաղաքացի, նոր դատավոր, դատախազ, եւ եթե ինչ-որ մեկը կատարում է պետական դավաճանություն դուք պարտավոր եք նրան դատել»։
Գերավետյանի հայտարարությունը ընդհատեց մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը, ով նշեց, որ Գերավետյանի հայտարարությունը վերաբերելի չէ գործին: Գերավետյանը շարունակեց.«Մենք էս ֆարիս չենք մասնակցի: Եթե դուք համաձայնեք արյունով ողողված 7 շրջանները հանձնել թուրքին՝ մենք այստեղ անելիք չունենք»։
Դատարանի թույլտվությանբ ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը։