Շիրակի մարզը առաջատարն է ՄԻԱՎ վարակակիրների թվով
ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերը նվազեցնելու ու ՁԻԱՀ-ի համաճարակի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով դեկտեմբերի 1-ին Գյումրիում տեղի ունեցավ «Առողջ լինելու իմ իրավունքը» միջոցառումը, որը կազմակերպել էր «Հայկական Կարիտաս»:
Դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի համաշխարհային օր: Այս օրը ևս մեկ բարձրաձայնվում է խնդիրը, կազմակերպվում միջոցառումներ համաճարակի վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին փաստեր ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, իսկ ծրագրի երիտասարդ կամավորները ներկայացրին ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու իրենց մեթոդը՝ խաղերի միջոցով։
Ներկայացվեց, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը կազմում է մոտ 3500, բայց կան շատերը, որոնք չեն հետազոտվել ու հայտնաբերված չեն:
Մտահոգիչը այն է, որ տարիներ շարունակ ՄԻԱՎ վարակի ամաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում: Հատկապես Շիրակի մարզի գյուղական համայնքներում խնդիրը լուրջ է: Արտագնա աշխատանքի մեկնող ամուսինները վերադառնում են հիմնականում ՄԻԱՎ-ով, հաճախ իրենք էլ չիմանլով հիվանդության մասին: կանայք վարակվում են, նորից չիմանալով իրենց առողջական խնդրի մասին, կամ էլ բացահայտում են խնդիրը, երբ գնում են հղիության կոնսուլտացիայի:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը գյուղական համայնքներում» ծրագիրն իրականացվում է դեռևս 2012 թվականից, որը Շիրակի մարզի 60 գյուղական համայնքներում կատարում է ՄԻԱՎ-ի և վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև գյուղացիներին տրվում է անվճար և անանուն հետազոտության հնարավորություն։
Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Հայաստանը այն 7 երկրների շարքում է, որտեղ ՄԻԱՎ վարակը ոչ թե նվազում, այլ աճում է։ Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ արտագնա աշխատանք, արտագաղթ, իրազեկության պակաս, խնդրի մասին չբարձրաձայնելը և այլն: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվով առաջին տեղում Շիրակի մարզն է, որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը: