«Չի կարելի հերոսացնել մի մարդու, ով փորձում է ձեռք բարձրացնել հայ զինվորի վրա». արտակարգ իրավիճակ Սեֆիլյանի դատին
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննության ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 1-ին շարունակվում է ամբաստանյալների հարցաքննությունը:
Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք տալուց առաջ կարճ հայտարարություն արեց. «Մամուլում այս մի տարվա մեջ անընդհատ շրջանառվում է, որ իմ ցուցմունքների պատճառով է Սեֆիլյանը դատվում: Ինձնից առաջ էլ ձերբակալվողներ են եղել: Նաև ավելացնեմ, որ չի կարելի հերոսացնել մի մարդու, ով փորձում է ձեռք բարձրացնել հայ զինվորի վրա»:
Այս հայտարաւոթյունը բավականին բուռն արձագանքվեց: Մասնավորապես ամբաստանյալներ Ներսես Պողոսյանը և Գևորգ Սաֆարյանը հունից դուրս եկան:
«Մորթելու եմ»,-բղավեց Գևորգ Սաֆարյանը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Ներսես Պողոսյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց:
Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։