«Ինձ ձերբակալեցին Էրդողանի խոսքերից հետո»
Թուրք գործարար, հասարակական գործիչ, «Anadolu Kültür» և «İletişim Yayınları» թուրքական կազմակերպությունների նախագահ Օսման Քավալան բանտից հայտարարություն է արել իր ձերբակալության մասին:
«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ կալանավորվելուց հետո արված առաջին հայտարարության մեջ Քավալան նշել է, որ իր ձերբակալությանը նախորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իրեն թիրախավորող խոսքերը:
Հիշեցնելով, որ Էրդողանն իր հասցեին «Թուրքիայի Սորոս» արտահայտությունն էր կիրառել՝ Քավալան ընդգծել է. «Ինչպես Բյույուքադայում հավաքված մարդու իրավունքի պաշտպանները ձերբակալվեցին, երբ Էրդողանի նրանց թիրախավորեց, այնպես էլ ես կալանավորվեցի նրա խոսքերից հետո»:
Նրա խոսքերով՝ իր ձերբակալությունը կառավարության կողմից ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող հարձակման մաս է կազմում: Քավալան նշել է, որ իրեն և կնոջ Այշե Բուղրային գյուլենականների հետ նույնականացնելը դուրս է բանականության սահմաններից, քանի որ 1990-ականներին, երբ դեռ շատ քիչ մարդ էր գիտակցում գյուլենականների վտանգը, իրենք պայքարում էին այդ վտանգի դեմ:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 18-ին ձերբակալված Օսման Քավալան հայտնի է իր հայամետ գործունեությամբ: Նա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: Նախորդ տարվա ապրիլի 24-ին Քավալան այցելել է Հայոց ցեղասպանության հուշարձան և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: