Եւս 7 տարի՞. ի՞նչ է ակնարկում Սերժ Սարգսյանը. Ժամանակ
Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-իՆ այցելելով ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտ՝ հայտարարել է, որ հանձնարարել է մշակել հայկական բանակի արդիականացման յոթամյա ծրԱգիր՝ 2018-25 թվականների համար։
Այն, որ հայկական բանակն ունի արդիականացման կենսական Անհրաժեշտություն, աներկբա է, ինչպես նաեւ անվիճելի է Սարգսյանի հայտարարության այն դրույթը, որ արդիական բանակ ունենալու նախապայման է արդիական պետություն ունենալը։ Սակայն Սարգսյանի այդ հայտարարությունները «խլանում» են մեկ այլ ձեւակերպման մեջ, որ նա թույլ է տվել բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասին խոսքի շրջանակում։
«Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները եւ ողջ հասարակությունը», հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Ուշադրության արժանին է այն, թե Սարգսյանն իրեն ինչ կարգավիճակ է վերապահում բանակի արդիականացման ծրագրի իրականացման գործընթսսցում՝ գլխավոր հրամանատար։ Մինչդեռ, հիշենք, խոսքը յոթամյա ծրագրի մասին է, իսկ Սերժ Սարգսյանին ներկայումս Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում աշխատելու համար մնացել է մոտ 7 ամիս, որից հետո նա պետք է թողնի պաշտոնը։ Սերժ Սարգսյանն, իհարկե, այդ պարագայում էլ կարող է լիովին մնալ որպես ծրագրի իրականացման պատասխանատուներից մեկը, այս դեպքում իբրեւ իշխող կուսակցության նախագահ։ Սակայն բանն այն է, որ Սարգսյանը խոսելով իր պատասխանատվության մասին՝ ծրագրի իրականացման համար, օգտագործում է «որպես գլխավոր հրամանատար» ձեւակերպումը։ Բայց այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ է այն համատեքստում, թե Սարգսյանը նկատի ունի վարչապետի պաշտոնն ու առաջին անգամ բավական թափանցիկ ակնարկում է այդ մասին։
Խնդիրն այն է, որ Հայաստսսնի նոր Սահմանադրությունը խաղաղ պայմաններում չի ենթադրում գերագույն գլխավոր հրամանատարի առկայություն, եւ այդպիսին կարող է լինել վարչապետը, բայց պատերազմի ընթացքում։ Այդ դեպքում արդյո՞ք Սարգսյանն ակնարկում է այդ մասին։ Հազիվ թե, որովհետեւ, մեղմ ասած, իրատեսական եւ ողջախոհ չէ պատկերացնել, որ բանակը արդիականացվում է պատերազմի ընթացքում։
Այդ դեպքում մի՞թե Սերժ Սարգսյանն օգտագործել է հասկացություններ, որոնք մի կողմից չափազանց զգայուն են հանրային ընկալման տեսանկյունից, մյուս կողմից էլ՝ դրանց հեղինակը բավական անփույթ է նրանց իսկ նկատմամբ եւ արտաբերել է՝ առանց խորամուխ լինելու հնարավոր արձագանքներում։ Իսկ գուցե Սարգսյանը ոչ թե անփույթ է գտնվել, այլ միանգամայն բծախնդիր եւ հենց այդ կերպ է մոտեցել բառերի ու ձեւակերպումների ընտրությանը՝ հանրությանը տալով, այսպես ասած, հերթական ապակողմնորոշիչ թիրախը, առաջին հայացքից կարծես թե հստակ ակնարկելով վարչապետ մնալու մտադրության մասին, մյուս կողմից՝ դարձյալ թողնելով անորոշության մեծ դոզա եւ արտահայտությունը ըստ հայեցողության մեկնաբանելու գրեթե անսպառ հնարավորություն։
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: