Ես Ներսեսի խոշտանգմանը չեմ մասնակցի. Սեֆիլյանը ընդհարվեց ոստիկանների հետ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ գործով դատական նիստը ,շարունակվեց 30 րոպե ընդմիջումից հետո:
Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ մեղադրյալ Ներսես Պողոսյանի համար դատարանը «Շտապ օգնություն» է հրավիրել, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնությունից:
«Բժիշկները սուտ են ասել հեքիաթ են պատմել: Ես բժշկին ասել եմ, որ վատ եմ ու իմ երրորդ հացադուլն է: Ինքը գրելա թուղթը, չգիտեմ ոնց սևցրած: Ես չեմ լացի, երբեք չեք տեսնի ինձ այդ վիճակում»,-դատարանին դիմեց Ներսես Պողոսյանը:
Պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը և Նինա Կարապետյանցը կրկին միջնորդեցին, որ դատական նիստը հետաձգվի:
Դատավորը նշեց, որ Ներսես Պողոսյանը ՔԿՀ-ում բուժզննման է ենթարկվել և կարող է մասնակցել դատին:
«Մարդը 23 օր հացադուլ է մեջ է ու ասում է, որ վատ է ու դուք այդպես եք վարվում: Դատարանի համար մարդկային կյանքը արժեք չունի»,-ասաց Տիգրան Հայրապետյանը:
Ժիրայր Սեֆիլյանն էլ ոտքի կանգնեց և փորձեց հեռանալ դատական նիստերի դահլիճից:
«Ես Ներսեսի խոշտանգմանը չեմ մասնակցի»,-ասել է Սեֆիլյանը:
Դահլիճում նստածներն էլ սկսեցին բղավել ու անեծքներ հնչեցնել: Դատական նիստը ընդմիջվեց:
Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։