«Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականների համագործակցված աշխատանքը միջազգային հարթակներում: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այս համատեքստում մասնավորապես նշել է. «ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները պետք է միջազգային հարթակներում սատարեն միմյանց եւ չանեն հայտարարություններ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից: Անընդունելի է, երբ ՀԱՊԿ անդամ երկրի ներկայացուցիչները դաշնակցին հակասող հայտարարություն են անում»:
Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ եւ ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «Արցախի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում: Հակառակ ադրբեջանական պնդումներին՝ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ իրական սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: ՀԱՊԿ պատգամավորները պիտի դատապարտեն Ադրբեջանին, որի գործողությունների պատճառով զոհվում են մարդիկ»: Նա հավելել է նաեւ, որ Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի եւ ԲՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպմանն առնչվող հարցերին: