24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես այս պաշտոնին կառչած չեմ. ՊԵԿ նախագահը փակագծեր է բացում

 Henaran.am-ի  մի քանի հարցերին է պատասխանում  ՀՀ կառավարությանն առընթեր
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

-Պարո՛ն Հարությունյան, ամիսներ առաջ հանրության ուշադրության կենտրոնում էր արդբեջանական խնձորների հարցը: Հետևո՞ւմ եք իմանալու, թե ի վերջո ինչ էր եղել իրականում:

-Գործը հարուցված է, Քննչական կոմիտեն է հավանաբար դրանով զբաղվում, այնտեղ քննվում է,  դատարան է  երևի հասել: Մեր գործառույթից արդեն դուրս է, եթե գործ է հարուցված:

Երբ նոր էիք նշանակվել, խորհրդարանում հայտարարեցիք, որ խաղի նոր կանոններ եք սահմանելու: Կա՞ն արդյոք խաղի նոր կանոնները, մասնավորապես ստվերի կրճատում, մենաշնորհների նվազում:

-Դուք պիտի ասեք՝ այդ փոփոխությունները զգում եք, թե չեք զգում:

-Չենք զգում:

-Չե՞ք զգում, թե՞ չեք ուզում զգալ: Ի՞նչ ասեմ, ես չեմ կարող իմ աշխատանքը գնահատել: Ստվերի կրճատում, իհարկե, կա, առանց ստվերի կրճատման այս թվերի հավաքագրումը շատ դժվար կլիներ: Մեր ամենօրյա աշխատանքն է մենաշնորհի դեմ պայքարը:

Բայց զգալի չափով է՞ այդ կրճատումը:

-Վստահեցնում եմ, որ զգալի չափով է, այո:

-Խոշորնե՞րն են ստվերից դուրս  եկել, թե մանրերը:

-Խոշորի ստվերը տեղափոխվում է մանր, առանց մանրի խոշորը չի կարող ստվեր ունենալ:

-Հիմա ուզում եք ասել, որ օրինակ՝ բանանի, շաքարավազի ներկրման դաշտում մենաշնորհ չկա՞:

-Բանան ու շաքար ներկրող 50-ից ավելի կազմակերպություն կա Հայաստանում: Դա քիչ չէ:

-Ձեր պաշտոնավարումից սկսած ամենաուշագրավը  Միհրան Պողոսյանի «Քեթրին գրուպ» ընկերության հետ կապված ահմանափակումներն էին և այնտեղ անցկացված ստուգումները, այդպես չէ՞:

-Բոլոր ընկերություններում էլ, որտեղ կա  իրավախախտում, պրոբլեմ, մենք աշխատում ենք, հանգիստ եղեք:

-Բայց  կարծես Միհրան Պողոսյանը դա չմարսեց. «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ձեր ղեկավարած կառույցին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը:

-Կլինի՞, որ դուք այդ հարցերն ինձ չտաք, քանի որ ստուգումների հետ առնչվող բազմաթիվ հայցեր կան դատարանում, դրանք բազմաթիվ են, ոչ թե վերաբերում են 1-2 ընկերության, այդ հայցերի վերաբերյալ դատարանին պետք է հարցնեք, ոչ թե ինձ, որովհետև եթե մեր գործառույթից դուրս է եկել, գնացել է դատարան, այնտեղ է այդ պրոցեսը:

-Վերջերս հարկային ստուգումներ եղե՞լ են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, ինչի մասին մամուլը գրեց:

-Դա սուտ է, մեր ստուգումների ցանկը հրապարակվել է  դեռ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, և այդ ցուցակը, որ նայեք, կտեսնեք այդ ընկերությունների անունները: Ընթացիկ տարեկան ստուգումներ են, որոնք նորմալ երևույթ են:  Եթե տնտեսվարողին գնում ես ստուգելու, դա նորմալ է, և հնարավոր է, որ խախտում չհայտնաբերվի: Եթե մենք գնում ենք ստուգելու, մենք չենք գնում, որ պիտի պարտադիր խախտում հայտնաբերենք այնտեղ: Կան բարեխիղճ, նորմալ հարկատուներ, տնտեսվարողներ, որ այնտեղ զրո ակտ է արձանագրվում:

Հիմա, փաստորեն Դուք վստահ կարո՞ղ եք ասել, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանան օրենքի սահմաններում ներկրում իրականացնել ցանկացած ապրանքի, խոչընդոտներ չեն ունենա:

-Վստահաբար կարող եմ ասել՝  ոչ մեկը չի խոչընդոտելու, եթե կխոչընդոտեն, կարող եք ինձ ասել,  նույնիսկ խնդրում եմ ձեզ, որ ասեք:

-Եվ քաղաքական մեկ հարց, Դուք ավելի շատ համարվում եք վարչապետ Կարապետյանի թիմի ներկայացուցիչ, սակայն լուրեր կան, որ նախագահն է լինելու վարչապետ 2018 թվականից: Այդ դեպքում  Դուք կշարունակե՞ք պաշտոնավարել:

-Ես մեկ անգամ ասել եմ,  հիմա էլ կրկնում եմ՝ ես այս պաշտոնին կառչած չեմ,  իսկ մնալ-չմնալու վերաբերյալ որոշումը թիմը պիտի կայացնի: Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին, ապա ասեմ, որ Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի թիմեր ասված արտահայտությունը սխալ է, նրանք երկուսն էլ և մենք բոլորս էլ մի թիմի անդամ ենք:

 

Հարցազրույցը՝ Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ