Որևէ անսպասելի բան կամ թակարդ չկա
Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է.
”Մոսկվա կատարած այցի շրջանակներում` ԿԳ նախարարը ռուսական կողմին առաջարկել է ”որպեսզի Մաքսային Միությունում հայերենը, այլ անդամ-պետությունների լեզուների հետ միասին, դառնա Միության պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը լինի այդ կազմակերպության աշխատանքային լեզու”:
Նախարարի առաջարկը բավականին ուշագրավ է հատկապես ՌԴ պաշտոնյաների՝ վերջին շրջանում արված այն հայտարարությունների ֆոնին, թե ռուսաց լեզուն Հայաստանում նահանջ է ապրել: Ավելին` ոչ պաշտոնական մակարդակում խոսակցություններ են շրջանառվում, թե ռուսական կողմը առաջ է քաշում ռուսերենը Հայաստանում աշխատանքային լեզվի կարգավիճակ տալու հարցը: Որպես կանոն` նման շշուկները պատահական չեն լինում և անհրաժեշտություն կա հենց այս փուլում բարձրաձայնելու դրա հետ կապված բոլոր մտահոգությունները: Սրանք շշուկներ են, որոնք շրջանառության մեջ են դրվել հասարակության զգոնությունն ու արձագանքը չափելու համար:
Նախարարի բարձրաձայնած առաջարկը Մաքսային միությանն անդամակցության ճանապարհին նպատակ ունի ոչ միայն ընդգծված ձևով ներկայացնելու հայոց լեզվի առանձնահատուկ կարգավիճակը, այլև ամրապնդելու Հայաստանի դիրքերը կազմակերպությունում: Հասկանալի է, որ ՌԴ-ն կազմակերպությունում ընդգծված լիդերի կարգավիճակ ունի, ինչը սակայն չի նշանակում, թե հայկական կողմը պետք է զերծ մնա իր շահերն արտահայտող առաջարկների առաջ քաշման ու պնդման հարցում:
Ի դեպ, հայկական կողմի առաջարկը ”աշխատող” է, այդ պրակտիկան գործածվում է նաև Եվրախորհրդի ու Եվրամիության դեպքում:
Չմեկնաբանելով ռուսական կողմի հետաքրքրությունները ռուսաց լեզվի տարածման հարցում ու ԿԳ նախարարի առաջարկի շուրջ ստեղծված աղմուկը` պետք է նշել, որ հայկական կողմի առաջարկի ընդունման հավանականությունը կմեծանա հատկապես այն դեպքում, երբ այն ունենա նաև հասարակական մեծ աջակցություն: Այս կամ այն պաշտոնյաներին պիտակներ կպցնելով` խնդիր չի լուծվում, նախ պետք է հասկանալ խնդիրը, ոչ զգացմունքային անալիզի ենթարկել, ապա նոր անցնել կոնկրետ քայլերի:
Այս պահին, համենայնդեպս, պետք է ֆիքսել, որ հայոց լեզուն, որպես Մաքսային միության պաշտոնական լեզու առաջ քաշելու հարցում, հասարակության կողմից մեծ աջակցություն չկա այն պատճառով, որ մարդկանց ուշադրությունը կենտրոնացել է լրիվ այլ՝ խնդրի էության հետ չառնչվող հարցերի վրա: Քննարկումներն ընթանում են այնպիսի հարթությունում, որն արդյունավետության տեսանկյունից ոչ մի խնդիր չի լուծում:
Հ.Գ. Եվրասիական տարածքում ամենատարածված լեզուն ռուսերեն է և որևէ անսպասելի բան կամ թակարդ չկա, երբ նշվում է, որ Մաքսային միությունում կամ Եվրասիական միությունում աշխատանքային լեզուն ռուսերենն է լինելու”: