Ռուսաստանում բախվել են գնացքն ու մարդատար ավտոբուսը․ կա 21 զոհ /ֆոտո, տեսանյութ/
Ռուսաստանի Վլադիմիրի շրջանում իրար են բախվել գնացքն ու մարդատար ավտոբուսը, ինչի հետեւանքով 21 հոգի է մահացել, եւս 15-ը վիրավորվել են, հայտնում է ТАСС-ը։ Նշվում է, որ զոհերի թվում երեք երեխա կա։ Եւս երկու երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Հայտնի է դարձել, որ ավտոբուսը փչացել է երկաթուղու վրա, վարորդը խնդրել է ուղեւորներից ոմանց օգնել իրեն՝ հրել ավտոբուսը, մի քանիսն իջել են եւ արդյունքում հենց նրանք են ողջ մնացել, քանի որ այդ պահին գնացքը մեծ արագությամբ հարվածել է ավտոբուսին ու այն կտոր-կտոր արել։
Նշվում է նաեւ, որ ավտոբուսը ղազախական համարանիշերով է, ուղեւորների մեծ մասը Ուզբեկստանի քաղաքացիներ էին։