Դուք որեւէ փայլ տեսնո՞ւմ եք հագուստիս վրա. Գեղամյանը՝ միջադեպից
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հերքում է, որ բռունցքներով հարձակվել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա: Լրագրողների հետ զրույցում Գեղամյանը հայտարարեց.
«Եթե ես բռունցքներով հարձակվեի որեւէ մեկի վրա, համոզված եղեք, իրեն հիվանդանոց կտանեին, որովհետեւ 3,5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել: Եթե միջադեպ լիներ, դիմացինս կհայտնվեր հիվանդանոցում»:
Հիշեցնենք, որ նման հայտարարություն արել էր Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում: Իսկ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն ի պատասխան երկու անգամ կոշիկները փայլեցրել է Գեղամյանով, վերջինս արձագանքեց. «Դուք որեւէ փայլ տեսնո՞ւմ եք հագուստիս վրա»:
Դիտարկմանը, թե շփոթված է խոսում, նա արձագանքեց. «Շփոթված եմ խոսում, քանի որ տասը հոգով հարձակվել եք վրաս ու հարցեր եք տալիս»։