07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երեւանին հասկանալ տրվեց

Շուրջ 2 տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը: Թե ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում, դեռևս պարզ չէ, սակայն դա ներկա քաղաքական իրողությունների պայմաններում այնքան էլ էական չէ, հատկապես, որ այն բեկում չի մտցնելու բանակցային գործընթացում:

Այստեղ ոչ այնքան կարևոր է քննարկման նյութը, որքան՝ հանդիպումը որպես գործընթաց կամ քաղաքական նոր օրակարգ ձևավորելու գործընթաց: Ինչու՞ հանդիպումը եղավ հիմա՝ Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ: Դատելով արևմտյան, հատկապես՝ ամերիկյան ակտիվությունից՝ կարելի է փաստել, որ Արևմուտքը շահագրգռված էր նման հանդիպման կազմակերպմամբ, այդ իսկ պատճառով սրանում գործուն մասնակցություն ցուցաբերեցին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը, և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին (ԱՄՆ-ն միշտ օգնության է հասնում ԵՄ-ին այն դեպքերում, երբ վերջինս աշխարհաքաղաքական հարցերում սկսում է կաղալ):

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում, այնուամենայնիվ, գործադրել է, որքան էլ հակառակը պնդեն թե Մոսկվան, թե Երևանը, և դա մեծապես կապված է եղել ղարաբաղյան հակամարտության՝ ՌԴ-ի համար հաղթաթուղթ օգտագործելու հանգամանքի հետ:

Ներքին ու արտաքին քաղաքական գործընթացները, երևույթները (սկսած Սերժ Սարգսյանի հայտարարություններից՝ կապված ՄՄ-ի շահերին չհակասող հայտարարությունների, դրան հնարավորինս արագ անդամակցելու և Զորի Բալայանի հայտնի նամակի հետ, վերջացրած ռուս-ադրբեջանական հարաբերությունների մերձեցման հաճախ ավելի շատ դեմոնստրացիայով) վերջին շրջանում ցույց տվեցին, որ այս ամենն իրենց մեջ ունեցել են Բաքվին տրված մոսկովյան կազուս-բելլիի մոտիվներ կամ գոնե այդպիսի իմիտացիա՝ Երևանի դիրքորոշումն անհրաժեշտ հուն տեղափոխելու համար:

Մոսկվան էլ, բնականաբար, օգտվելով բանակցային գործընթացի փաստացի սառեցումից, կարողացել է այն օգտագործել իբրև Հայաստանի մաքսայնացման գին: Այս ամենը Բրյուսելում և Վաշինգտոնում լավ են հասկացել և նախաձեռնել են այնպիսի գործընթաց, որը ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը կարող է լինել: Հայաստանի ղեկավարությանը պետք է ցույց տրվեր, որ բանակցությունները հնարավոր է շարունակել, իսկ քանի դեռ դրանք շարունակվում են արևմտյան հովանու ներքո, պատերազմը բացառված է:

Այլ կերպ ասած՝ Հայաստանին հասկանալ տրվեց, որ իր անվտանգությունը ոչ թե հյուսիսում է, այլ՝ արևմուտքում, և ռազմաբազան դեռևս անվտանգ զգալու երաշխիք չէ, դրա համար պետք է լինի միջնորդ ուժի քաղաքական կամք, իրավիճակի վրա ազդելու իրական ռեսուրսներ, կոնֆլիկտը ճիշտ կառավարելու հմտություն, որը թույլ չի տա կոնֆլիկտի էսկալյացիա, նույնիսկ այն կտեղափոխի համագործակցության ոլորտ:

Հիշյալ հանդիպումը հետաքրքիր է նաև Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի խոսակցությունների համապատկերում, որով, փաստացի, Ռուսաստանի նախագահի համար երևանյան սահուն վոյաժ չպետք է թույլ տրվի:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա սրանով ցույց տրվեց, որ ռուսական խոստումները դեռևս պետք է հավանության արժանանան Արևմուտքում, և չի լինի պատերազմ կամ հարցի լուծում, եթե դրանում մասնակցություն չունենան նաև ԱՄՆ-ը և ԵՄ-ն. ամեն քարտ-բլանշը դեռևս կազուս-բելլի չէ, հատկապես ռուսականը:

Սա նաև 2 երկրների հանրությանն ուղղված մեսիջ էր, որը նրանց հասարակությունների մոտ պետք է ձևավորի հանրային կարծիքի նոր օրակարգ, ըստ որի՝ ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին ամենևին էլ Կրեմլում չէ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ